ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ` ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում տեղի ունեցավ “Համազգային հայ կրթական եւ մշակութային միության” “Լեւոն Շանթ” թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման եւ մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգեւատրման արարողությունը: 
Առաջարկված թեման ազգային եւ համամարդկային արժեքների, անհատի ինքնության, մեր ժամանակի հերոսի փնտրտուքն էր: Ըստ մրցույթի կանոնների, ընդունվել են միայն չտպագրված, չբեմադրված  եւ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման. արեւելահայերեն եւ արեւմտահայերեն շուրջ 51 աշխատանքներ: Յոթ հոգուց բաղկացած ժյուրիի անդամներն առաջին փուլում ընտրել են այն 12 լավագույն պիեսները, որոնք պետք է ընդգրկվեն ժողովածուում, իսկ “Լեւոն Շանթ” թատերգության մրցանակաբաշխությունը նախատեսել էր երեք մրցանակ: 
Առաջին մրցանակին` 1.000.000 դրամ, արժանացավ Գուրգեն Խանջյանը` “Արտավազդ- Շիդար” պիեսի համար, երկրորդ մրցանակը` 800.000 դրամ, ստացավ Սամվել Խալաթյանը` “Գնացքի երկու տոմս” պիեսի համար, երրորդ մրցանակը՝ 600.000 դրամ, բաժին հասավ Արմեն Ճգնավորյանին` “Աստվածային կատակերգություն” պիեսի համար: Եվս 2 խրախուսական պարգեւի` 200.000-ական դրամի չափով, արժանացան Հրաչ Բեգլարյանի “Ես, Մանվելը, համակարգիչը” եւ Նուշիկ Ղազարյանի “Վաճառականներ” պիեսները: 




Լրահոս