ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հեռախոսային ասուլիս է անցկացրել: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրել է օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ-չմնալու խնդիրը, ինչի շուրջ ՄՕԿ-ի նախագահն ասել է, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունն արդեն կատարել է նպատակային աշխատանքներ, բարելավվել է ֆեդերացիայի ղեկավարման համակարգը: Գործկոմի կազմում ձայնի իրավունքով առաջին անգամ ընդգրկվել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ եւ գործող մարզիկներ: Բացի այդ, կանոնակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ մրցողների գործողությունները հասկանալի են դարձել մարզասերների համար: Իսկ թե արդյոք այս ամենը բավական կլինի, որպեսզի ըմբշամարտը խաղերի ծրագրում իր տեղն ապահովի, պարզ կդառնա առաջիկա սեպտեմբերին` Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում:  

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱԽՄԱՏ ԿԽԱՂԱՆ
Սեպտեմբերի 18-22-ը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում տեղի կունենա շախմատի Հայաստանի 2013թ. ակումբային առաջնությունը: Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոններով (ժամակարգը` 1 ժամ 30 րոպե ամբողջ պարտիայի համար, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան ավելացումով` սկսած առաջին քայլից): Կախված թիմերի քանակից` հնարավոր է շրջանային մրցակարգի փոխարինումը շվեյցարականով:
Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատային ֆեդերացիան, Գյումրու քաղաքապետարանը եւ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը։ Որոշ պարզաբանումների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՇՖ փոխնախագահ, մրցաշարի կազմկոմիտեի անդամ, ՀՇՖ ակումբների հետ տարվող աշխատանքների հանձնաժողովի նախագահ Հովիկ Խալիկյանին: Նա մասնավորապես նշեց, որ առաջնության անցկացման նպատակը Հայաստանում շախմատային ակումբների ձեւավորումը եւ հետագա զարգացումն է, ուժեղագույն ակումբային թիմերի որոշումը: Առաջնությանը կարող են մասնակցել այն ակումբային թիմերը, որոնք հայտեր են ներկայացրել սահմանված ժամկետում` մինչեւ օգոստոսի 20-ը, եւ կատարել են 50.000 դրամ մուտքավճար:
Անցյալ շաբաթվա տվյալներով դեռեւս հայտ ներկայացնող չկար, սակայն, ինչպես նշեց պարոն Խալիկյանը, իրենք 5-6 թիմ գիտեն, որոնք հաստատ մասնակցելու են: Պարզվեց, որ Հայաստանում շատ ակումբներ կան` «Միկա»-ն, ՖԻՄԱ-ն, շախմատի ակադեմիայի ակումբը, շախմատի դպրոցի ակումբային թիմը, Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Մեղրու, Գորիսի եւ այլ քաղաքների թիմեր… Ըստ մեր զրուցակցի՝ ակումբի իմաստն այն չէ, որ, ասենք, Լեւոն Արոնյանն ու Տիգրան Պետրոսյանը խաղան, այլ այն, որ «մեր ակումբն ունենք, շախմատը սիրում ենք, խաղում ենք, ու եթե ակումբային մրցումներ լինում են, մասնակցում ենք»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս