ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ ԵՎՐՈՊԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքական էլիտան շարունակում է քննարկել աշնանը Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախաստորագրման թեման: Ի՞նչ է այն ենթադրում: Հայաստանցի ու եվրոպացի փորձագետների հետ զրույցում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ 1500-էջանոց բավական վիճելի համաձայնագրի շուրջ վերջնական համաձայնության գալուց հետո կողմերը պետք է նախաստորագրեն փաստաթուղթը, որից հետո այն ներկայացվելու է ՀՀ ու ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների` առանձին-առանձին քննարկմանն ու հաստատմանը: Այդ ընթացքում Հայաստանը պետք է սկսի «եվրոպականանալ»` համաձայնագրի դրույթների համաձայն բարեփոխումներ կատարելով: Ընդ որում, բարեփոխումներն արվելու են գրեթե բոլոր ոլորտներում` ե՛ւ օրենսդրական դաշտում, ե՛ւ գործնական մակարդակով: Եվ երբ ԵՄ-ն համարի, որ ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները, իսկ ԵՄ անդամ երկրների խորհրդարանները հաստատեն համաձայնագիրը, այն արդեն կստորագրվի եւ ուժի մեջ կմտնի: Որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ գործընթացի մասին է խոսքը, նշենք, որ Ուկրաինան ԵՄ համաձայնագիրը նախաստորագրել է 2005-ին եւ միայն այս տարի պետք է ստորագրի այն: Այնպես որ, Սերժ Սարգսյանը դժվար թե հասցնի իրագործել իր ծրագիրը, եթե, իհարկե, չորոշի այս հարցում եւս առաջնորդվել իմիտացիոն գործելաոճով` ժամանակ շահելու նպատակ հետապնդելով: Ի վերջո, նա ամենից լավ գիտի հայկական մենթալիտետի նրբությունները:




Լրահոս