ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե արդյոք առեւտրի իրականացման վայրի կազմակերպումը լիցենզավորման ենթակա է, եթե այո, ապա որքա՞ն է պետական տուրքի գումարը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով,
18.14.2. մարզկենտրոններում կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով,
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հստակ ներկայացված է կարգը, մնում է՝ ամեն ոք ծանոթ լինի օրենքի կետերին՝ անհրաժեշտության դեպքում դրանք կիրառելու համար: