Հակամանրէային դեղերի նկատմամբ (ՀՄԴ) կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով կազմակերպվող հետազոտության (PoP-study) նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստան են ժամանել առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի միջազգային փորձագետներ:
Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով միջազգային փորձագետները ՀՀ ԱՆ ՀՄԴ նկատմամբ կայունության դեմ պայքարի հարցերով համակարգող Քրիստինե Գյուրջյանի և այլ մասնագետների ուղեկցությամբ այցելել են բժշկական օգնություն և սապասարկում իրականացնող հաստատություններ և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ:
Հետազոտության նպատակն է ձևավորել ՀՄԴ նկատմամբ կայունության հսկողության համակարգ, բժիշկների շրջանում կարևորել արյան վարակների ախտորոշման, բուժման հարցում կլինիկական մանրէաբանության նշանակությունը և զարգացնել ռեֆերենս լաբորատորիայի` ՀՄԴ նկատմամբ կայունության հետազոտման կարողություններն ու կադրային ներուժը: Հետազոտությունը կնպաստի արյան վարակների վաղ ախտորոշման և հակամանրէային դեղերով նպատակային բուժման գործընթացի կարգավորմանը, արյան նմուշառման, նմուշի պահպանման, տեղափոխման գործընթացների, միկրոկենսաբանական լաբորատոր հետազոտությունների` ներկայացվող պահանջներին համապատասխան որակի ապահովմանը, ինչպես նաև ՀՄԴ նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված մասնագետների հետ համագործակցությանը:
Նշենք, որ երկօրյա աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կմեկնարկի հակամանրէային դեղերի նկատմամբ (ՀՄԴ) կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը: