ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՅԾ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիայի տոնավաճառի առեւտրականները հարկերն իջեցնելու պահանջով ապրիլի 26-ին բողոքի ակցիա էին անցկացրել, որը լուսաբանվել էր նաեւ «Ժողովուրդ»-ում:  Այդ ակցիայից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չկա: Հակառակը՝ հարկային վճարը մոտ 700 դրամով ավելացել է: Բացի այդ, առեւտրականները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիասթափված նկատեցին, որ հաճախորդների սակավության արդյունքում  առեւտրային շատ փոքր շրջանառություն ունեն եւ ստիպված բանկից վարկեր են վերցրել, որպեսզի կատարեն ամսական հարկային վճարումները:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ ապրիլի 26-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերանայել տեղի վարձավճարի չափը: Նրանց խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում առեւտուր չկա, ինչի պատճառով իրենք ոչ միայն չեն կարողանում եկամուտ ստանալ, այլեւ մեծ վնասներ են կրում: Ինչպե՞ս էր հանգուցալուծվել խնդիրը: Բարձրացված աղմուկն իր այցով մեղմել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անակնկալ կերպով հայտարարելով, որ իր գրպանից վաճառականների փոխարեն կվճարի 13 հազար դրամ: Սակայն տոնավաճառի առեւտրականների մեծ մասը պնդում էր, որ այդ օգնությունը կլինի մեկանգամյա` կապված մի քանի օր անց` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների հետ:
Դեռ այդ ժամանակ Մալաթիայի տոնավաճառի փոխտնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր. «Մենք հայտարարել ենք, որ մոտ 20 հազար դրամի չափով կիջնի, իրենք հիմա գիտեն, թե դա մեկ ամսով է լինելու, բայց դա մեկ ամսով չէ: Դա շարունակվելու է: Ճիշտն ասած` մենք այդ մասին դեռ չենք հայտարարել վաճառողներին, որովհետեւ շատերը դա կարող են կապել ավագանու ընտրությունների հետ: Չքաղաքականացնելու համար որոշել ենք ընտրություններից հետո այս մասին հայտարարել»: Տոնավաճառի փոխտնօրենի այդ հայտարարությունից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն վարձավճարի մասով ոչինչ չի փոխվել: Այն իջնելու փոխարեն բարձրացել է: Նշենք, որ տոնավաճառի սեփականատերը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի եղբայր Վարոս Զատիկյանն է:
«Է՜հ, աղջի՛կ ջան, մեզ բան չտվեց էդ բողոքի ակցիան: Շատ վատ ստացվեց. էս փոքրիկ հատվածը մտցրին հարկային դաշտ: Դուք տեսնում եք, թե սեղանի վրա քանի տեսակ ապրանք է, էս հինգ տեսակի ապրանքի համար էլ մտցրին հարկային դաշտ: Չգիտեմ՝ ինչ անեմ, մտածում եմ թողնել ամեն ինչ ու գնալ տանը նստել, բայց ընտանիքս էլ իմ ձեռքին է նայում: Մեր ձեռքին ոչինչ չկա, որ ինչ-որ բան ձեռնարկենք, մի բողոքի ակցիա ենք անում, այն էլ հակառակ բան է ստացվում, ավելի ենք վնաս կրում»,-դժգոհեց 47-ամյա առեւտրական Սուսաննան:
Տոնավաճառի առեւտրականները նշում են, որ վերջին շրջանում վարձավճարի ավելացում չի եղել, պարզապես հիմա առեւտուր չկա, եւ իրենք այլեւս չեն կարողանում վճարել այդ գումարները: Մեկ այլ վաճառողի կարծիքով, եթե արտագաղթի ծավալները մեծ չլինեին, ապա այսօր չէին դժգոհի հարկային վճարումներից. «Ամենամեծ պատճառը արտագաղթն է, նաեւ՝ նոր խանութների բացումը: Մարդիկ նույնիսկ գումար չունեն հաց գնելու, ուր մնաց թե՝ հագուստ: Մեր սոված ժողովուրդը կգա՞ 11 հազար դրամով բլուզ գնելու: Չէ՛, իհարկե չի գա: Խեղճերը գալիս են ու միանգամից հարցնում` հարսանիք գնալու համար 10 հազար դրամանոց զգեստ ունեք, թե ոչ: Տարիներ առաջ այս տոնավաճառում այնքան հաճախորդ կար, որ շունչ չէինք կարողանում քաշել, իսկ հիմա դատարկությունից ենք շնչահեղձ լինում»:
Վաճառողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ մաքսային ծառայությունները նույնպես թանկացել են: «Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից հետո էս երկրում ամեն բան թանկացել է, դրա պատճառով ենք հայտնվել վատ վիճակում: Այլ աշխատանք պարզապես հնարավոր չէ գտնել: Ում ձեռքը փոքր հնարավորություն է ընկնում, փախչում է երկրից: Հիմա տեսե՛ք՝ ժամը երկուսն է, բայց ոչ մի կտոր հագուստ չեմ վաճառել»,-զայրացած նկատեց 51-ամյա Անուշը:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք Մալաթիայի տոնավաճառի փոխտնօրեն Սամվել Ավետիսյանի հետ, որը հաստատեց վարձավճարների բարձրացման մասին տեղեկությունը.  «Ճիշտ է, մարդկանց համար նեղություն է, ավելի շատ են մուծում, որովհետեւ հարկային դաշտ են մտել: Մարդիկ չեն ցանկանում հարկային դաշտում գործել եւ գումար մուծել: Նրանք փորձում են թաքնվել հարկային դաշտից, բայց հիմա բոլորն էլ պետք է գործեն հարկային դաշտում: Միայն ուզում են օգուտ ստանալ, սովորել են առանց հարկային դաշտի աշխատել»: Եվ, չնայած համատարած դժգոհությանը, ըստ փոխտնօրենի՝ այս ընթացքում տոնավաճառը լքող առեւտրական չի եղել:
Մենք նրան հիշեցրինք, որ «Ժողովուրդ»-ի հետ նախորդ զրույցում ինքը խոստացել էր, որ վարձավճարը 20 հազար դրամի չափով կիջնի, պարզապես դա անելու են Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի չքաղաքականացվի: Ինչո՞ւ Ձեր խոստումը չեք պահել. «Ժողովուրդ»-ի այս հարցին Ս. Ավետիսյանը խուսափողական պատասխան տվեց. «Ես աշխատանքի վայրում չեմ: Վաղը եկե՛ք, կզրուցենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս