Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Դոյչե Վելե»­-ին` ամբողջությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6­7­ ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ­ Վալտեր Շտայնմայերի հետ:

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»­ին` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ­ին անդամակցության և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի:

«Արմենպրես»­ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ` ոչ պաշտոնական թարգմանությամբ: ­

-Պարոն Նախագահ, ես չեմ հարցնի Ձեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածության պատճառների վերաբերյալ, քանի որ արդեն կանխատեսում եմ Ձեր պատասխանը: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ եք արել` կանխելու հերթական արյունահեղությունը: ­

-Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Երկրորդը, բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն` ավելացնելով ռազմական հռետորաբանությունը…

-Կներեք, որ Ձեզ ընդհատում եմ, սակայն ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչ է արել հայկական կողմը, անձամբ Դուք` կանխելու իրադրության լիցքաթափումը: ­

-Հենց դա էլ ասում եմ: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը:

-Պատերազմը, ինչպես հաճախ է լինում, սկսվեց անսպասելի, սակայն նույնքան ասպասելի էլ, երեք օր հետո, ռազմական գործողությունները դադարեցին, համաձայնություն եղավ կրակի դադարեցման վերաբերյալ: Ո՞վ օգնեց հասնել նման համաձանության: ­

-Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով:

-Փորձագետները վաղուց մատնանշում են լարվածության բարձր ռիսկի առկայությունը տարածաշրջանում, որտեղ դեմ առ դեմ կանգնած են հակամարտող կողմերի զինված զորամիավորումները: Ինչու՞ չեք ցանկանում, որ նրանց բաժանեն խաղաղարար ուժերը, օրինակ ռուսական:

-Մենք երբեք դրա դեմ չենք արտահայտվել, սակայն կարծում ենք, որ հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան:

-Դուք ասացիք, որ Ռուսաստանը հստակ դերակատարություն է ունեցել կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այս հակամարտությունում: Դուք ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը Ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, և միևնույն ժամանակ այն ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին:

-Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ առհասարակ որևէ երկիր եղել կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այն դերը չի ունեցել, ինչպես Թուրքիան Ադրբեջանի: ­

-Սակայն դուք Ռուսաստանին ռազմավարական դաշնակից եք անվանում… ­

-Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համաձայնագիր: Դրա հետ մեկտեղ մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:

-Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին Դուք հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում: Դուք այդ ցանկությունն օրինական եք համարում, սակայն Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն, ամեն դեպքում, չեք ճանաչել: Ինչո՞ւ: ­

-Քանի որ դա մեր կողմից փոխզիջում է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Ի դեպ, սա պատասխան է Ձեր նախորդ հարցին այն մասին, թե ինչ ենք անում մենք հակամարտության լարվածության դադարեցման համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը: ­

-Մինսկի խմբի ձևաչափով այս հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցությունները տարվում են արդեն երկու տասնյակ տարի: Դուք դեռ հույս ունե՞ք այդ ձևաչափից, թե անհրաժեշտ եք համարում ինչ­որ նոր մոտեցում: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող էին խաղալ Գերմանիան, ԵՄ-­ն:

-Կարծում եմ` Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս բոլոր տարիների ընթացքում որևէ արդյունք ձեռք չի բերվել: Ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ Մինսկի խմբում ներկայացված են երկրներ ու մասնավորապես համանախագահող երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), որոնք ունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար: Ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Գերմանիային. այն այժմ նախագահում է ԵԱՀԿ-­ում: Այս կազմակերպությունն ունի լայն գործիքակազմ, և ես համոզված եմ, որ այն կարող է դրանցից օգտվել շատ արդյունավետ: Բացի այդ, Գերմանիան նաև Մինսկի խմբի անդամ է:

-Հայաստանը եղել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, որը ենթադրում էր ԵՄ հետ ասոցացման հեռանկար: Սակայն Դուք որոշում ընդունեցիք ոչ ի օգուտ այս ասոցացման, և Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչը որոշիչ փաստարկ դարձավ դրա համար: Ռուսաստանի ճնշու՞մը: Զուտ տնտեսական հաշվա՞րկ: Ուկրաինայի իրադարձություննե՞րը: ­

-Սկզբում մեկ նկատառում. ոչ թե մենք եղել ենք «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ, այլ մենք շարունակում ենք լինել նաև հիմա: Նախորդ տարվա դեկտեմբերին սկսվեց բանակցային նոր գործընթացը, դրա երկու փուլերն արդեն հետևում են մնացել: Ի վերջո մենք կստորագրենք փաստաթուղթ ԵՄ հետ: Ռուսաստանի կողմից երբեք որևէ ճնշում չի եղել: Մենք առաջնորդվել ենք տնտեսական նպատակահարմարությամբ: Ռուսաստանը մեր գլխավոր շուկան է և մեր խոշորագույն առևտրային գործընկերը: Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակում մեզ շատ ձեռնտու պայմաններ է առաջարկել` իր ապրանքների համար 30 տոկոս զեղչ տրամադրելով:

Իմ սկզբունքն է ընդունել որոշումներ, որոնք կարող են ռեալիզացվել: ­Վերջին հարցն ամբողջովին այլ ոլորտից է: Գերմանիան մինչ օրս չի ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն: Այս տարվա փետրվարին Բունդեսթագը Թուրքիայի պատճառով հետաձգեց բանաձևի ընդունումը:

-Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի նման դիրքորոշումը:

-Սկսեմ նրանից, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն անցյալ տարի ապրիլին Բեռլինի տաճարում իր ելույթի ժամանակ շատ ճիշտ խոսքեր գտավ: Մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բացի այդ, ես հուսով եմ, և այդ մասին խոսվել է Բեռլինում բանակցությունների ժամանակ, որ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում բոլոր խմբակցությունների մասնակցությամբ:




Լրահոս