Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կառավարության երեկվա նիստի ժամանակ արած հայտարարությունները հերթական անգամ ապացուցեցին այն պարզ իրողությունը, որ Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում երկրում տիրող իրավիճակը, մասնավորապես, արտագաղթի աննախադեպ ծավալները: Ավելին, իրենք այլեւս չեն տիրապետում ստեղծված իրավիճակին:
Բանն այն է, որ կառավարության նիստից մեկ օր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին կիսամյակային տվյալները: Ըստ այդմ, այս տարվա ընթացքում Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -123 հազար 303 մարդ: Ասել է թե՝ կես տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է այդքան մարդ: Ընդ որում, այդ ցուցանիշը մոտ 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված թվին: Բացի այդ, ԱՎԾ զեկույցում հրապարակվել էին Հայաստանում 2013թ. գրանցված գնաճի, ծնելիության ու մահացությունների, բնական հավելաճի վիճակագրական տվյալները, որոնք եւս փաստում էին, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը:
Թվում էր՝ կառավարության ղեկավարն իր երեկվա ելույթը պետք է սկսեր հենց այդ ցուցանիշներին անդրադառնալով ու դրանց վերաբերյալ մեկնաբանություններ տալով: Առավել եւս, երբ այդ իրավիճակի առաջնային պատասխանատուներից մեկը անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Առավել եւս, երբ այս բացասական ցուցանիշները ոչ միայն բարելավվելու միտում չեն ցուցաբերում, այլեւ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման տարիներին գնալով միայն ավելի ու ավելի են խորանում:
Բայց կառավարության երեկվա նիստի ողջ ընթացքում վարչապետը բառ անգամ չասաց արտագաղթի, ծնելիության թվի, բնակչության հավելաճի ցուցանիշների վերաբերյալ: Փոխարենը իր հայտնի միատոն ոճով խոսում էր կառավարության գրանցած տնտեսական աճի մասին, նույնիսկ հանձնարարել էր կառավարության անդամներին, որպեսզի յուրաքանչյուրն իր ոլորտում գրանցված տնտեսական աճի վերաբերյալ վերլուծություններ անի: «Մենք պետք է կարողանանք գնահատել առկա ներուժն ու ապագա անելիքները, որպեսզի այս տարի եւս ապահովենք տնտեսական բարձր աճ,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը եւ հավելել,-մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություններ, եւ մենք պետք է կարողանանք ի հայտ բերել այն բացասական միտումները, որոնք առկա են ըստ ճյուղերի, եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր: Պետք է պարզել նաեւ այն ոլորտները, որտեղ ունենք բավականին բարձր աճի տեմպեր, եւ այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աճի տեմպերը լինեն կայուն»:
Խոստովանենք, Հայաստանում այսօր ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, գնաճի, արտագաղթի նման ցուցանիշների դեպքում ոչ միայն չխոսել այդ մասին, այլեւ անդադար խոսել տնտեսական ինչ-որ աճի բարձր տեմպերի մասին, մեղմ ասած, «սիրուն չէ»: Թեեւ՝ չի բացառվում, որ արտագաղթի թեմային վարչապետն անդրադառնա առաջիկայում հենց իր վերջին հայտարարությունների համատեքստում, երբ պարզի, որ արտագաղթի ոլորտում եւս բարձր աճի տեմպեր են գրանցվել, քայլեր ձեռնարկի այդ աճի տեմպերը կայուն պահելու համար: Չէ՞ որ հենց այս նույն վարչապետն էր, որ երկու տարի առաջ իր հարցազրույցներից մեկում իբր «կատակել էր»՝ ասելով. «Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն»:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա կառավարության երեկվա նիստում Տ.Սարգսյանի ելույթից հետո շարունակում է բաց մնալ հարցը, թե ինչպես կարող է տնտեսության կայուն աճի պայմաններում նման ծավալի արտագաղթ լինել: Համենայն դեպս, հազիվ թե օրեցօր աճող ու զարգացող երկրից մարդիկ նման տեմպերով հեռանան, ավելի շուտ՝ ճողոպրեն: Երբ «Ժողովուրդ»-ն այս մասին հարցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանին, վերջինս հայտարարեց, թե աճի տեմպերն արտագաղթի հետ կապ չունեն, քանի որ աշխարհի մի շարք երկրներում տնտեսական աճի տեմպերը Հայաստանից ավելի ցածր են, բայց այնտեղ ժողովրդի կենսամակարդակը բարձր է, եւ արտագաղթն այնտեղ նման մակարդակի չէ: Իսկ ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից հետո ոչ թե պետք է սպասել Տիգրան Սարգսյանի մեկնաբանություններին, այլ կառավարության հրաժարականին: «Այդքանից հետո այս իշխանությունները պետք է հեռանային: Բավական է մարդկանց փորձեն խաբել ինչ-որ ծրագրերով, իրենց գաղափարներով: Ամենակարեւոր խնդիրը հետեւյալն է՝ ՀՀ քաղաքացին իր երկրում չի ցանկանում ապրել: Էլ ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը»,-ասաց նա:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ