Հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը՝ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրման հետևանքով: Այս մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է Euronews-ը:
Դյուժարիկը ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ Ժնևում տեղակայված վարչության տվյալները:
«Վարչությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների արդյունքում մի քանի հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը»,-ասել է Դյուժարիկը՝ հավելելով, որ տեղահանվածների մեծ մասը տարածաշրջանի հյուսիս-արևելյան հատվածի գյուղերից են:
Նշվում է, որ փախստականներից մի քանիսը հայտնել են, որ վերջին 20 տարում ստիպված են եղել մի քանի անգամ փոխել բնակատեղին՝ թաքնվելով բռնությունից: