ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՀՎԱԾՔ
Գյումրու բնակիչ Գոհար Հովհաննիսյանին Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կոպտորեն դուրս է վռնդել դատախազությունից: Տիկնոջ ներկայացմամբ` իր տնակում չորս տարի առաջ կատարված գողության (դրան առնչվել է նաեւ ոստիկանության նախկին աշխատակից) եւ իր հարեւանի կողմից կեղծ շինթույլտվությամբ կառուցված առանձնատան գործերի կասեցման հետ կապված տեղեկություններ իմանալու նպատակով հունիսի 26-ին ինքը փորձել է դիմել Կարեն Շահբազյանին: 40 րոպե սպասելոց հետո նրան տրվել է դատախազի հետ հանդիպելու թույլտվություն: Ներս մտնելով Կ. Շահբազյանի աշխատասենյակ՝ տարեց կինը «հանդգնել է» նստել սենյակում դրված աթոռներից մեկին, ինչից հետո Շահբազյանը բղավել է կնոջ վրա: Երբ վատառողջ կինը փորձել է հասկանալ, թե ինչն է նման արձագանքի պատճառը, դատախազը ներս է հրավիրել անվտանգության աշխատակիցներին: «Թափան գլխիս, քաշքշեցին, հրմշտեցին: Քաշքշելով էդ աստիճանների վրա ընձի ըմբես քցեցին, որ մազ էր մնացել աստիճաններով քիթ ու բերնի ընկնեի ցած: Քաշքշողների մեջ կային ե՛ւ անվտանգության, ե՛ւ դատախազության աշխատակիցներ»,-«Ասպարեզ»-ին պատմել է գյումրեցի կինը:

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ԿՄՆԱ
Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 5-ին ստորագրած հրամանագրով ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը 2013թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչեւ 2017թ. մայիսի 1-ը: Ուշագրավ է, որ օգոստոսի 5-ին Ս. Սարգսյանը Հայաստանում չէր: Փաստորեն, նման կարեւորագույն հրամանագիրը նա ստորագրել է արտերկրում:

ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ
«Օնլայն թիվի» ՍՊԸ-ի տնօրեն Ռեգինա Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հիմնադրած ժամանցային համանուն կայքում հաճախորդների քանակն ավելացնելու նպատակով 2012թ. հոկտեմբերի 11-ին տեղադրել է «Կատարյալ սեքս. Դիտեք բացառիկ ուսուցողական ֆիլմ» վերնագրով պոռնկագրական բնույթի տեսանյութ: 30-ամյա Ռ. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի առաջին մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը), խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ՀԱՐԳԵԼ
Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, հակադարձելով Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիների պահանջներն անարդյունավետ են, «Առավոտ»-ին ասել է. «Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր պատկերացումներն ունենալ, թե ով ինչպես պայքարի: Հայաստանում, կարծում եմ, խնդիրներից մեկն այն է, որ յուրաքանչյուրը ցանկանում է, որ դիմացինը պայքարի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Ես, եթե անգամ ունենամ իմ պատկերացումները քաղաքացիական խմբերի պայքարի կամ դրանց օրակարգերի վերաբերյալ, ես դրանց մասին դժվար թե խոսեմ, որովհետեւ առնվազն պարտավոր եմ գնահատել եւ հարգել այն, ինչ անում են մարդիկ»:




Լրահոս