ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ
Օրերս երգիչ Մհերն ու Արփին ներկայացրին իրենց նոր` «Տարոսը ձեզ» երգի տեսահոլովակը: Բայց արի՛ ու տես, որ կատարողների այս քայլը չափազանց բարկացրել է այս պահին Գերմանիայում բնակվող երգիչ Հայկ Կասպարովին, որը պնդում է, որ վերոնշյալ երգն իր երգացանկից է, եւ իր հարգելի կոլեգաներն առանց իրեն զգուշացնելու վերաձայնագրել ու ներկայացրել են հանրության դատին: Հայկը նաեւ նշել է, որ ինքն է գումար ծախսել ու աշխատանք տարել այս երգի վրա: Կասպարովի կարծիքով՝ այս երեւույթի գլխավոր մեղավորներն են Մհերը, նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը, որը նաեւ տեսահոլովակի ռեժիսորն է, եւ Սոնյան: Իսկ Արփիին Հայկը չի մեղադրում, քանի որ լավ է ճանաչում երգչուհուն: Ի դեպ, «Տարոսը ձեզ» երգը Արփին եւ Հայկը կատարել են նաեւ հենց երգչուհու հարսանիքին: Իսկ թե ինչու են Մհերն ու Արփին նման կերպ վարվել, փորձեցինք պարզել հենց իրենցից: Մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ նրանցից եւ ոչ մեկի հեռախոսահամարը հասանելի չէր: Մեր ընթերցողին խոստանում ենք առաջիկայում ներկայացնել Մհերի եւ Արփիի տեսակետն այս հարցի շուրջ:
ՄԵԿՆԵՑԻՆ ԲԱԹՈՒՄ
Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ 40 հոգուց բաղկացած խումբը մեկնեց Բաթում` տեղի «Պետական երաժշտական կենտրոն» կազմակերպության հրավերով:
Սունդուկյանցիները հանդես են գալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկու ներկայացմամբ` «100 տարի անց» եւ «Կովկասի կավճե շրջան», որոնց բեմադրիչը Տիգրան Գասպարյանն է: «Ժողովուրդ»-ը թատրոնի լրատվական բաժնից տեղեկացավ, որ «100 տարի անց»-ը ներկայացվելու է օգոստոսի 13-ին` օրերս մահկանացուն կնքած ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրը (նա կդառնար 70 տարեկան): Իսկ Ջեմալ փաշայի դերը, որը վերոնշյալ ներկայացման մեջ կատարում էր Ա. Գասպարյանը, կխաղա Տ. Գասպարյանը: Սունդուկյանցիները Երեւան կվերադառնան օգոստոսի 16-ին: Նշենք, որ ուղեւորության ծախսերը հոգում է հրավիրող կողմը: