«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ-ում 2 օր առաջ կրկին ժամկետային զինծառայող է մահացել, որի մասին, սակայն, ոչ ՊԲ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ էլ Քննչական կոմիտեն հաղորդագրություն չեն տարածել: Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկում: 19-ամյա զինծառայողը՝ Սպարտակ Քալաշյանը, մահացել է հրազենային վնասվածքից: Նա Վանաձորից էր, 6 կամ 7 ամսվա ծառայող: Հարազատներն էլ չգիտեն՝ 19-ամյա զինվորը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգի հետ անզգույշ վարվելո՞ւց, թե՞ այլ պատճառով:
Երեկ մենք դիմեցինք Քննչական կոմիտե, պարզելու, թե իրականում ինչ է եղել՝ ինքնասպանությո՞ւն, սպանությո՞ւն, թե՞ զենքի հետ անփույթ վարվեցողություն: Խոստացան պատասխանել այսօր: Մեզ հայտնի դարձավ, որ զինծառայողի հայրը ԵԿՄ Վանաձորի կամավորական ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ, հանդիպել որդու հետ եւ վերադարձել էր մի քանի օր առաջ: Իսկ նախօրեին հաղորդել էին որդու մահվան բոթը: Զինվորի մարմինը դեռ չեն հանձնել ծնողներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: