ՀՀ կառավարության անդամ նախարարներից երեկ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե մեր երկրի համար վտանգավոր այս իրավիճակում, երբ կանգնած ենք արցախյան հիմնահարցը լուծելու շեմին, ի՞նչ են մտածում գործադիրում: Իսկապե՞ս պետք է տարածքներ հանձնենք ոչ այնքան հայանպաստ պայմաններում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան
-Պարո՛ն Բեգլարյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
-Խաղաղ ճանապարհով եւ բանակցություններով:
-Դիվանագիտական խողովակներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանից եւ Արցախից կորզել համաձայնագիր, որը հետեւյալ պատկերը կունենա. Ադրբեջանին են հանձնվում, այսպես կոչված, «գրավյալ» 2 կամ ծայրահեղ դեպքում 1 շրջան: Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնում է մտնել Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ: ԼՂՀ-ն եւս դառնում է ԵՏՄ ասոցացված կամ խորհրդատվական ձայնի իրավունքով անդամ:
-Ես նման տեղեկություններից տեղյակ չեմ:
-Իսկ տեղյակ ե՞ք, թե ինչ բանակցություններ են վարում, ի՞նչ կոնկրետ առաջարկներ են արվել:
-Դիվանագիտական բանակցություններից ես ընդհանրապես տեղյակ չեմ այս պահին: Եթե կոնկրետ բանակցություններ լինեն, ոչ միայն ես, նաեւ դուք տեղյակ կլինեք:
-Պարո՛ն Բեգլարյան, եթե Դուք կառավարության անդամ եք եւ տեղյակ չեք, ապա այդ դեպքում ո՞վ պետք է տեղյակ լինի:
-Ուրեմն առայժմ բանակցություններ չկան:
-Բայց խնդիրը որեւէ կերպ պետք է կարգավորել, չէ՞:
-Դրա համար ասում եմ, եթե լինեն բանակցություններ, մենք բոլորս դրա մասին կիրազեկվենք: Ինձ թվում է՝ ոչինչ գաղտնի չի արվի, կարվի ժողովրդին ներկայացնելով եւ տեղյակ պահելով: Այսինքն՝ երբ ես իմանամ, երեւի մեկ օր հետո դուք էլ կիմանաք:
Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
-Պարո՛ն Նազարյան, ԼՂՀ հակամարտության հարցի հետ կապված բանակցությունների ի՞նչ հստակ առաջարկներ են արված, տեղյա՞կ եք:
-Չունեմ, ցավոք սրտի, տեղեկություն:
-Պարո՛ն Նազարյան, արտահոսք կա ինֆորմացիոն՝ համաձայն որի՝ ՌԴ-ն փորձում է մեզ համոզել կամ պարտադրել, որպեսզի Ադրբեջանին հանձնվի «գրավյալ» 2 կամ 1 շրջան: Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնի մտնել Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ: ԼՂՀ-ն էլ դառնա ԵՏՄ ասոցացված կամ խորհրդատվական ձայնի իրավունքով անդամ:
-Ես նման բաներից տեղյակ չեմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում:
-Պարո՛ն Նազարյան, կառավարությունից եք դուրս գալիս, եթե Դուք էլ տեղյակ չեք, ապա այդ դեպքում ումի՞ց հարցնենք:
-Ես կառավարության անդամ չեմ, ես անկախ հանձնաժողով եմ: Անկեղծ, ոչինչ չգիտեմ:
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան
-Պարո՛ն Լոքյան, ըստ Ձեզ՝ ԼՂՀ հակամարտությունն ինչպե՞ս պետք է կարգավորվի:
-Ես կարծում եմ՝ խնդիրը կարգավորված է, եւ անհանգստանալու շատ բան չունենք:
-Ինչպե՞ս է կարգավորված, երբ ամեն օր զինվորներ ենք կորցնում եւ բանակցային ծանր փուլ է այժմ:
-Ես կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հիմնավոր հրադադարի խնդիրը կլուծվի, Ադրբեջանն այլեւս չեմ կարծում, որ կփորձի ոտնձգություն անել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ: Իրենք արդեն իրենց դասերը ստացան: Մնում է, որ մենք կարողանանք արժանապատվորեն շարունակել պաշտպանել մեր տարածքները:
-Բայց խոսվում է ինչ-որ տարածքների վերադարձի մասին:
-Իմ ունեցած տեղեկություններով՝ Ձեր ներկայացրած սցենարը քիչ հավանական է: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է ԵՏՄ չմտնելու տարբերակները, եւ ընդհանրապես իր աշխարհաքաղաքական կապերը չեն թույլատրում նրան ԵՏՄ մտնել՝ կապված Թուրքիայի հետ: Եվ այնքան էլ հեշտ չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանի ԵՏՄ մտնելով կարողանա լուծել Ղարաբաղի հարցը: Չէ՞ որ այդ պարագայում նույն պրոբլեմը ինքը կարող է ունենալ Հայաստանի հետ: Այսօր Հայաստանը շատ փայլուն արտաքին քաղաքականության գիծ է տանում նաեւ Եվրամիության հետ աշխատանքներում: Չեմ կարծում, որ մենք տուպիկային իրավիճակում ենք, եւ Ադրբեջանի քայլերով պետք է որոշվի մեր բախտը:
-Պարո՛ն Լոքյան, բանակցությունների մասով կոնկրետ ի՞նչ տեղեկություններ ունեք:
-Ես տեղեկացված չեմ, բայց մի համոզմունք ունեմ, որ այն սցենարը, որ Դուք նկարագրում եք, հնարավոր չէ:
Քնար Մանուկյան