Հայրենական մեծ պատերազմի վետերան 96-ամյա Նորայր Առաքելյանը պատրաստ է գործի դնել տանկիստի իր գիտելիքներն արդեն Ղարաբաղյան ճակատում: Պատերազմի դաժանությունը տեսած պապիկը, սակայն, չի ցանկանում, որ նորից կռիվ, անմեղ զոհեր լինեն: Լրագրողների հետ զրույցում իր անցած ուղու մասին պատմելով` վետերանը վերհիշեց, որ օր ու գիշեր արթուն սպասում էին ֆաշիստների հարձակմանը, հետո մեծ ջարդ տվեցին նրանց:
«1941 թվականին Հիտլերն ուզում էր գրավել Մոսկվան, մենք ջարդեցինք նրանց 100 տոկոսով. 150 հազար գերի էինք վերցրել, 250 հազար տանկեր էինք շարքից հանել, մեր Կատյուշան գործում էր նրանց Անդրյուշայի դեմ, ի վերջո ստիպեցինք, որ նահանջեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նորայր Առաքելյանը:
Վետերանի խոսքով` 1946 թվականին էլ պատրաստվում էին «ջարդել թուրքին, բայց Չերչիլն ու Ռուզվելտը չհամաձայնեցին»: Հարցին ի պատասխան, թե հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, 96ամյա վետերանը նշեց. «Այսպիսի մեծ կռիվներից հետո ես ցանկություն չունեի, որ Ղարաբաղը տան թուրքերին: Դա Ստալինի ծրագիրն էր: Թուրքերը (նկատի ունի ադրբեջանցիներին) 8 միլիոն էին, հայերը 1.5 միլիոն, բայց հայերը ազգային մեծամասնություն էին, թուրքերը փոքրամասնություն: Մենք միշտ էլ ծաղրում էինք` այ մարդ, 8 միլիոն եք դուք, բայց 1.5 միլիոն հայից Հայրենական մեծ պատերազմում 170 հերոս տվեցինք, Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան և այլք:
Մենք ցանկություն չունենք, որ պատերազմ լինի, հայը քիչ է, թուրքը շատ: Նրանք մեր գլխին պատուհաս են դառնում, բայց մենք դրանց կջարդենք: Ցանկանում ենք, որ թուրքերը հայերին վնաս չտան, բայց չի ստացվում: Թող Ղարաբաղում այդպիսի ջարդ չլինի»: Մայիսի 9ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է:
Այս օրը հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը