Էդվարդ Նալբանդյանի կախած զանգի ձայնն այդպես էլ չլսվեց. ինչով է զբաղված Հայաստանի դիվանագիտությունը 40 օր շարունակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլորը խոսում են դասեր քաղելու եւ կարեւոր վերանայումներ անելու հրամայականի մասին: Թվում էր, թե երեկ էր, որ պարզ երկնքում ամպրոպի նման ճայթեց բոթը այն մասին, որ թշնամին հարձակվել է Արցախի սահմանների վրա: Մինչդեռ արդեն ամբողջ 40 օր է անցել: Մեր ազգային կացութակարգում 40 օրը` քառասունքը, կարեւոր ժամանակահատված է` որեւէ գործընթացի հանգրվանի գալու առումով: Պատահական չէ, որ քառասունքը նշանավորվում է թե՛ մարդու ծնվելու, թե՛ մահվան դեպքում: Արդ, ինչ քայլեր, ինչ վերանայումներ են կատարվել ապրիլյան պատերազմի մեկնարկից քառասուն օր անց: Եթե գլոբալ հայացքով փորձենք դիտարկել, ապա գրեթե ոչինչ:

Չանդրադառնալով ներքաղաքական, տնտեսական եւ սոցիալական բազմաթիվ գերկարեւոր հարցերում հրատապ փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնումներին եւ ի հակառակ դրա` զրոյական քայլերին, այս պահին կենտրոնանանք մեր դիվանագիտական ճակատում գրանցած արդյունքներին:

Անցած քառասուն օրերի ընթացքում հայկական դիվանագիտությանը, կամ ինչպես Էդվարդ Նալբանդյանն էր ասում՝ «արտաքին քաղաքականության զինվորներին» այդպես էլ չի հաջողվել գոնե մեկ այնպիսի հաջող քայլ անել, որը կարող էր համարժեք լինել մեր իրական զինվորների գործած սխրանքներին: Հայաստանի դիվանագիտությունն ինչպես կար կրավորական եւ իներտ, այնպես էլ շարունակում է այդպիսին լինել: Նալբանդյանն ամեն առիթով կրկնում է, թե ինքը ճառ ասող չէ, այլ զանգ կախող, սակայն այս օրերին մենք այդպես էլ որեւէ տեղից չենք լսում նրա կախած զանգի ձայնը:

Փոխարենը տեսնում ենք ադրբեջանական դիվանագիտական կորպուսի շատ ակտիվ եւ համակարգված աշխատանքը ամենատարբեր հարթություններում:
Վերջին օրինակը ադրբեջանցիների այն հայտարարություններն են, թե հայկական կողմն օգտագործել է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ: Մի քանի օր առաջ արված այդ հայտարարություններին հայկական կողմից արձագանքի բացակայությունից ոգեւորվելով` նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչներն իրենց երկրում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներին տարել են շփման գիծ` տեղում ցուցադրելով «արգելված զինատեսակների կիրառման ապացույցները»:

Այս փաստին, սակայն, արձագանքել է միայն ՀՀ Պն մամլո խոսնակը` իր ֆեյսբուքյան էջում գրելով, թե` «Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «Սարսափի աչքերը մեծ են՝ ինչ որ չկա, այն էլ են տեսնում»: Թե ինչ ասել է` «անբարեկիրթ մոլորություն», եւ որն է բարեկիրթ մոլորությունը, հավանաբար գիտի ինքը` գրառման հեղինակը, սակայն ադրբեջանական կողմի այս քայլերի հետեւանքները թերագնահատելը եւս մոլորություն է: Իսկ մեր արտգործնախարարությունը ինչպես այս, այնպես էլ մնացած դեպքերում խորապես բարեկիրթ լռություն է պահպանում:




Լրահոս