ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ԼՈՌԻՈՒՄ
Գյուղերում խոտհնձի ամենաեռուն շրջանն է: Ի թիվս այլ խնդիրների՝ գյուղերում առկա է հնձող ու այլ մեխանիզմների պակաս: Գյուղտեխնիկա ունեն մի քանի խոշոր ֆերմերներ, իսկ ահա մյուսները ստիպված են լինում տեխնիկա վարձակալել հարեւան գյուղերից: Մեկ հեկտարից ստացված խոտը հնձելու ու պահեստավորելու համար գյուղացին ծախսում է շուրջ 100.000 դրամ: Դսեղի բնակիչ Ռուդիկ Շեկոյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Մեխանիզմը սեփական ա, վճարում ենք տիրոջը, հնձում, հավաքում, կապում են, էդքանի համար առանձին-առանձին վճարում ենք»: Դսեղի 700 հա վարելահողերից այսօր մշակվում է 240 հա-ն, այսինքն՝ շուրջ 30 տոկոսը: Այս գյուղում հաշվված ընտանիքներ են զբաղվում դաշտավարությամբ: Գյուղապետ Նորիկ Քոչարյանը նշեց, որ, չնայած վերջին 2 տարիներին կառավարության կողմից տրվող որոշակի աջակցությանը, գյուղում հողագործությունը չի զարգանում, այստեղ ավելի շատ անասնապահությանն են տեղ տալիս:
Մի ժամանակ հիմնականում այգեգործությամբ զբաղվող Մեծ Այրում համայնքում էլ այժմ հացահատիկ են ցանում: Ինչպես մյուս, այս համայնքը նույնպես այս տարի գյուղտեխնիկայի խնդրի առաջ է հայտնվել: Ուշացած հնձի պատճառով գյուղացին շատ բերք է կորցնում: Նրանք փաստում են, որ այս տարին այնքան էլ բարենպաստ չէ խաղողագործության համար: Մշտական անձրեւների պատճառով խաղողագործները ստիպված են եղել անընդհատ բուժումներ կատարել: Մեծ Այրումի բնակիչ Բենիկ Քամալյանը պայմանագիր ունի, այս տարվա ստացված խաղողի բերքն ամեն տարվա նման հանձնելու է Պռոշյանի կոնյակի գործարան: Բայց, ըստ նրա, տեղափոխման համար ծախսեր շատ են արվում: «Ա՛յ եթե, ասենք, Նոյեմբերյանի ցածրադիր մասերում հնարավոր լիներ՝ ընդունեին, ծախսեր քիչ կլինեին: Դա մեզ օգուտ կլիներ»,-նկատեց նա:
ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
ՀՀ-ում այս տարի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, թե ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն եւ 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից՝ 19.810 տ՝ ՌԴ, 2.593 տ՝ Վրաստան, 668 տ՝ Ուկրաինա, եւ փոքր ծավալներով՝ նաեւ այլ երկրներ: Հիշեցնենք, որ գյուղմթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցողների թվում է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: