Հայաստանի երբեմնի հզոր ազգային փոխադրող, ներկայումս սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերությունը սկսել է մարել կուտակած պարտքերը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:
Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների, բանկերի եւ այլն: Ի դեպ, պարտատերերի ցանկում տեղ են գտել նաեւ ռուսական ընկերություններ: Այսպիսով՝ «Արմավիա»-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ եւ 27 ընկերություններ: Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի: Ի դեպ, մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիա»-ն նաեւ հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ 31 միլիարդ 357 միլիոն դրամ եւ 2 միլիոն դոլար: Տեղեկացնենք, որ պարտատերերի շարքում են, մասնավորապես, «Յունիբանկը»՝ 6 միլիոն 700 հազար դոլարին համարժեք դրամ, «Հայբիզնեսբանկը»՝ 10 միլիոն 427 հազար դոլարին համարժեք դրամ, «Ամերիաբանկը»՝ 1 միլիոն 250 հազար դոլարին համարժեք դրամ եւ «Զարգացման հայկական բանկը», որին «Արմավիա»-ն պարտք է 680 միլիոն 258 հազար դրամ:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Իսկ «Արմավիա»-ի եւ «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է:
«Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքերի մարման հետ կապված «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Միխայիլ Բաղդասարովի հետ, ով լսելով հարցը՝ զարմացավ. «Ի՞նչ պարտքեր: «Արմավիա»-ի՞: Պարտքերը մարում ենք: Դեռ գույքը չենք վաճառել, վաճառում ենք, կվաճառենք, կտանք պարտքերը»,- վստահեցրեց Բաղդասարովը եւ անմիջապես անջատեց հեռախոսը:
Եւ որպեսզի մեզ հուզող հարցերին պատասխան ստանանք, զրուցեցինք նաեւ «Արմավիա» ավիաընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ. «Դատարանի որոշումով լուծարման վարույթ է սկսվել, եւ մենք այժմ ակտիվների հավաքագրման փուլ ենք թեւակոխել: Իսկ ընկերությունը ինչ գույք ուներ, դրանք մենք հրապարակային սակարկություններով վաճառքի ենք ներկայացրել: Բացի այս՝ դեբիտորական պարտավորությունների հավաքագրման եւ բռնագանձման ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում՝ օրենքով սահմանված կարգով»:
Ի վերջո, սնանկացած ընկերությունը մարո՞ւմ է պարտքերը, թե՞ ոչ: Այս հարցին ի պատասխան՝ Ասատրյանն ասաց. «Այս ընթացքում որպես երաշխավորներ կամ երաշխիքներով գումարներ անմիջապես մարվել է ոչ «Արմավիա»-ի, այլ երաշխավորների կողմից: Դա ես չեմ բացառում: Բաղդասարովը դա է նկատի ունեցել: Ինքը նկատի ունի այն, որ իր կողմից որպես երաշխավոր կամ իր մյուս ընկերությունների երաշխավորների կողմից է մարումներ արվել պարտատերերին»: Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ ավիաընկերության գույքերը, որոնք նույնիսկ գրավադրված են, չեն վաճառվել: «Գրավի դրված առարկաների մասով մենք չունենք օտարումներ, որ կարողանանք ստացված միջոցներից պարտքերը մարել: Ի դեպ, նշեմ, որ բաց հրապարակային սակարկություններ են, եւ բոլորն էլ կարող են նայել, տեսնել»,- փոխանցեց սնանկության գործով կառավարիչը: Մեր զրուցակիցը դժվարացավ նշել, թե պարտքերի որքան մասն է մարվել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մարտի 15-ին անցկացվել է «Արմավիա» ավիաընկերության գույքերի կրկնաճուրդը: Իսկ ավիաընկերությունն աճուրդի Է հանել 1999 թվականի արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Նշենք, որ այն կայանված Է «Զվարթնոց» օդանավակայանում, արժի 172 մլն 200 հազար դրամ: Աճուրդի է հանված նաեւ մի քանի շենքից բաղկացած անշարժ գույք Երեւանում: Շինությունը պատկանում Է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին եւ գրավադրված Է «Ամերիաբանկ»-ում, մեկնարկային գինն ավելի քան 1 մլրդ դրամ է: Սրանից զատ` աճուրդի Է հանվել նաեւ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը՝ 201 մլն դրամ, եւ հյուրանոցային համալիրը՝ մոտ 532 մլն դրամ արժեքով: Վաճառվում են նաեւ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն: Վաճառվում են, բայց դեռեւս գնորդ չունեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՈՐԾԱԴՈՒԼ
Հունաստանում երեկվանից համընդհանուր երկօրյա գործադուլ է` ուղղված կառավարության առաջարկած կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության բարեփոխումների, ինչպես նաեւ միջազգային վարկատուների պահանջով հարկերի բարձրացման դեմ: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում համընդհանուր գործադուլի պատճառով չեն գործում մետրոն, արվարձանները միմյանց կապող գնացքներն ու տրամվայները: Ավտոբուսները եւ տրոլեյբուսները երկու օր նույնպես երթուղի դուրս չեն գա: Մայիսի 9-ին գործադուլի պատճառով չի գործի Սալոնիկի տրանսպորտը, իսկ լաստանավերը չեն գործի մինչեւ երեքշաբթի: Գործադուլին միանալու են բոլոր պետական եւ մասնավոր ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստաալիքները, ռադիոն: Նավաստիների համահունական ֆեդերացիան հայտարարել է 4-օրյա գործադուլի մասին, որը տեւելու է մինչեւ երեքշաբթի՝ ժ. 6.00-ն: Հունաստանի կառավարության առաջարկած նախագծի քննարկումները կմեկնարկեն այսօր Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում:
ՌԴ-Ն՝ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ
Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին այն կարծիքին է, որ Ռուսաստանը լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Այդ մասին են վկայում CNN հեռուստաալիքի եւ ORC հետազոտական ծառայության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների 21 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը «լուրջ սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ-ի համար, 40 տոկոսն այդ սպառնալիքը համարում է չափավոր, 22 տոկոսը՝ ոչ մեծ: 15 տոկոսն այն կարծիքին է, որ ՌԴ-ի կողմից իրենց երկրի համար ընդհանրապես վտանգ չկա: Ամերիկացիների առավել մեծ անհանգստությունն առաջացնում Է «Իսլամական պետությունը»: Խմբավորման կողմից վտանգի ամենաբարձր աստիճանը նշել է հարցվածների 73 տոկոսը: Չինաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի կողմից «լուրջ սպառնալիք» է տեսնում հարցման մասնակիցների համապատասխանաբար 24 տոկոսը, 43 տոկոսը եւ 43 տոկոսը: Հարցումն այս տարվա ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը հեռախոսով անցկացվել է շուրջ հազար ամերիկացիների շրջանում: