ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԼՐՋԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի անկախության ճանաչման հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում է գտնվում նախորդ դարավերջից: Դեռեւս 1992թ-ին Արցախյան ճակատում Ադրբեջանի ագրեսիային հայաստանյան ընդդիմությունն առաջարկում էր պատասխանել Արցախի ճանաչմամբ: Հատկանշական է, որ թեեւ Հայաստանն ունեցել է միմյանցից զգալիորեն տարբերվող երեք իշխանություններ, նրանցից ոչ մեկն էլ չի գնացել ԼՂ անկախությունը ճանաչելու ճանապարհով: Այդպիսի քաղաքականությունը բոլոր իշխանությունների հայադավությամբ բացատրել չի կարելի, ուստի հարց է ծագում` ինչու տեղի չի ունենում Արցախի անկախության ճանաչումը, եւ արդյոք Հայաստանն ի վիճակի է միանձնյա այդ քայլին գնալու:

Հարկ է նախ ուշադրություն դարձնել միակողմանիորեն ճանաչված մյուս երկրամասերի օրինակներին: Կոսովոյի ճանաչումը տեղի ունեցավ ողջ արեւմուտքի աջակցությամբ, ինչով եւ իսպառ բացառվեց արյունահեղ պատերազմի կրկնությունը: Հվ. Օսեթիան ու Աբխազիան բռնակցվեցին Ռուսաստանի կողմից, այսինքն` տարածաշրջանի գերտերություններից մեկը հստակ շահագրգռվածություն ցույց տվեց եւ իր ռազմական հզորությամբ հարկադրեց Վրաստանին զերծ մնալ տարածքային հավակնություններից: Նույն իրավիճակը ստեղծվեց նաեւ Ղրիմում: Առավել հետաքրքիր է Հյուսիսային Կիպրոսի պարագան: Թեեւ պատմա-քաղաքական առումով այն ոչ մի զուգահեռ չունի Արցախի հետ, սակայն հետաքրքիր է, որ Հյուսիսային Կիպրոսի գոյությունը ճանաչվել է Թուրքիայի կողմից գրեթե նույն տրամաբանությամբ: 1983թ.-ի ինքնուրույնությունից ի վեր` այս երկրամասի անկախությունը ճանաչվել է բացառապես հովանավոր Թուրքիայի կողմից եւ ոչ մի ուրիշ երկիր ավելի քան 33 տարի չի ճանաչել, եւ վստահաբար կարող ենք պնդել, հաշվի առնելով Թուրքիայի աստիճանական թուլացումը, չի էլ ճանաչելու Հս.Կիպրոսի անկախությունը: Հետեւաբար համաշխարհային օրինաչափությունները փաստում են, որ գերտերությունների աջակցության բացակայությամբ որեւէ ինքնիշխան երկրամասի անկախության ճանաչումը անհեռանկարային գործ է:
Մեզ համար առավել կարեւոր է հասկանալ, թե ինչ է տալու մեզ Արցախի անկախության ճանաչումը: Ենթադրենք` հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը գալիս են միասնական համաձայնության, եւ խորհրդարանում Արցախի անկախության ճանաչման հարցը ստանում է 131 կողմ ձայն: Այդուհանդերձ, չէ՞ որ Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը որեւէ պարտադրող ուժ չի ունենալու Ադրբեջանի համար: Ըստ էության, ճանաչումը առնվազն չի զսպելու Ադրբեջանի ագրեսիան: Սա, անշուշտ, չի նշանակում, որ ներկայիս չճանաչումը զսպում է Ադրբեջանի ախորժակը, բայց միեւնույն ժամանակ չի կարելի անտեսել, որ այն չի էլ գրգռում:
Նկատենք, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, այդքան ժամանակ այդ քայլը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության խաղաքարտը: Մինչդեռ ճանաչումից հետո հետ քայլ լինել չի կարող: Իսկ քաղաքականության մեջ հետ քայլի հնարավորություն չունեցող պետությունները կամ գերտերություններ պիտի լինեն, կամ անմեղսունակներ: Ի վերջո, այդ ճանաչման կողմնակիցներն իրենց իսկ հարց տալի՞ս են, որ եթե ճանաչումից հետո Հայաստանին բոլոր կողմերից պարտադրեն հրաժարվել այդ քայլից, իսկ այսպիսի աղետյալ տնտեսություն ու կառավարող թշվառ ընտրախավ ունեցող երկրին նման պարտադրանքները հեշտությամբ են արվում, ի՞նչ ենք անելու մենք: Նահանջելո՞ւ ենք՝ խայտառակ լինելով ամբողջ աշխարհի առաջ, թե՞ ազգովի ֆիդայի ենք դառնալու՝ ծվարելով սարերում:
Արցախի անկախության ճանաչումը, արդ, ոչ թե կասեցնելու է Ադրբեջանի ագրեսիան, այլ Ադրբեջանին տալու է քարտ բլանշ՝ պատերազմի լեգիտիմ իրավունք հարուցելով: Արցախի միակողմանի ճանաչումից հետո Ադրբեջանը որեւէ միջազգային կաշկանդիչ հանգամանք չի ունենալու: Այն դեպքում, երբ Հայաստանը համաձայնում է խաղաղ կարգավորմանն ու ամեն անգամ հանդես գալիս փոխզիջումային դիրքերից, իսկ Ադրբեջանն ագրեսիայի դիմում, միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջեւ: Պատկերացնո՞ւմ եք, թե առիթի դեպքում ինչպես է աշխարհը շրջվելու մեր դեմ: Հարկավ, չի կարելի սարսափից կապտել, բայց պետք է ցուցաբերել ամենայն զգուշություն՝ առանց «ջեկի-չանի» սինդրոմի, որով վերջին շրջանում վարակվել են շատերը: Ի վերջո, եթե Հայաստանը դիմի նման աշխարհաքաղաքական ձեռնարկման, պետք է պատրաստ լինի կրելու դրա պատասխանատվությունը: Ունե՞նք մենք այդքան ուժ եւ ռեսուրս՝ գործընթացը մեզ համար ցանկալի նպատակին հասցնելու համար: Այդ դեպքում Արցախի անկախությունը ուրիշների զավակների արյամբ ճանաչող բոլոր դատարկախոսները պետք է դուրս չգային խրամատներից՝ իրենց գործողություններով օրինակ հանդիսանալով:
Վերջապես, ո՞վ չի կարող խորհրդարանում կամ մամուլի ակումբներում ճամարտակել Արցախի անկախության մասին: Նույնիսկ կարելի է այդ մասին հայտարարել ՄԱԿ-ի ամբիոնից, բայց ո՞րն է դրա գործնական հետեւանքը: Մինչդեռ զոհասեղանին մեր ազգային արժանապատվությունն է ու մեր պետության անկախության հարատեւության ապահովումը:
Շարունակելի

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻՑ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 6-ի համարում հրապարակված «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» հոդվածից հետո Հրազդանի քաղաքային իշխանության մոտ իսկական խուճապ է սկսվել: Բացի այդ` վրջին օրերին խմբագրություն են զանգահարում բազմաթիվ հրազդանցիներ եւ հետաքրքրվում Արցախին իրենց կողմից որպես օգնություն հանգանակած գումարների ճակատագրով:

Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի բոլոր համայնքներում սկսեցին գումարներ հանգանակել` Արցախին որպես օգնություն ուղարկելու համար: Նույնը տեղի է ունեցել նաեւ Հրազդանում: Սակայն այստեղ Արցախին օգնություն փոխանցելու համար տեղական իշխանությունը, չգիտես ինչու, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին տվել է իրենց` «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարը: Սա այն դեպքում, երբ Արցախի կառավարությունը կոնկրետ հաշվեհամարներ էր հրապարակել` հատուկ օգնության գումարները փոխանցելու համար: «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» տնօրեն Սպարտակ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե իբր հաշվեհամարին փոխանցված գումարներով իրենք ապրանքներ են գնել եւ ուղարկել Արցախ:
ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված հանգանակված գումարների ցանկից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամից» Արցախ ուղարկված ո՛չ նյութական եւ ո՛չ էլ դրամական օգնություն չկա: Արցախ գումար են փոխանցել միայն Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցը՝ 750 հազար դրամ, եւ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցը՝ 429 հազար 500 դրամ: Հավելենք, որ Կոտայքի մարզպետարանից որպես նյութական օգնություն Արցախ է ուղարկվել 21 հազար 465 հատ սնունդ եւ 11 հազար 340 շիշ ըմպելիք:
Ամեն դեպքում, այն հրազդանցիները, ովքեր Արցախին օգնելու համար գումար էին հավաքել, սկսել են ակտիվորեն հետաքրքրվել իրենց հանգանակած գումարների ճակատագրով: Սակայն մարզպետարան կամ քաղաքապետարան դիմած հրազդանցիներին այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չի տրվում: Ստիպված նրանք դիմում են «Ժողովուրդ» օրաթերթին: Այս խնդրի հետ կպված «Ժողովուրդ»-ին է զանգահարել նաեւ Հ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտի ծնող Անահիտը:
«Մեզ հետաքրքիր է, թե ինչ են արել մեր փոխանցած գումարները: Թող պարզաբանեն կամ թվային հաշվետվություն ներկայացնեն այն մասին, թե կոնկրետ ի՞նչ ապրանք են գնել, ի՞նչ գնով: Պահանջում ենք, որ մեզ փաստեր ներկայացնեն: Ես դպրոցում աշակերտ ունեմ եւ գումար փոխանցել եմ որպես ծնող: Հիվանդանոցում նույնպես գումար են հավաքել, նաեւ՝ դպրոցներում, մանկապարտեզներում, բայց հիմա ամեն ինչ անորոշ է: Բոլորս էլ ցանկանում ենք իմանալ մեր տված գումարը բուն նպատակին ծառայե՞լ է, թե՞ ոչ: Գուցե՞ այն որպես ընտրակաշառք է բաժանվել»,- վրդովված նկատեց խմբագրություն զանգահարած քաղաքացին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ Կոտայքի մարզպետարան եւ հետաքրքրվեց՝ հնարավոր է՝ առաջիկայում մարզպետարանը հրապարակի հանգանակված գումարով արված ծախսերը: Այս հարցին ի պատասխան՝ լրատվության հարցերով պատասխանատու Ստեփան Ասատրյանն ասաց. «Դեռեւս հայտնի չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Մայիսի 4-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր որդուն ազատ արձակելու պահանջով նամակ է հանձնել 46 տարի ուսուցչությամբ զբաղվող Զեմֆիրա Հարությունյանը: Մինչ այդ էլ Կոթիի բնակիչները նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ պահանջելով ազատ արձակել Կոթիի բնակիչ, Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանին: Տիկին Զեմֆիրան, չնայած մեծ տարիքին, ամեն օր Կոթիից Բարեկամավան է գնում՝ տեղի դպրոցականներին ռուսաց լեզու սովորեցնելու: Նա վարչապետին հիշեցրել է, որ իր որդին՝ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակից Արմեն Ազիբեկյանը, 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում զոհվել է, իսկ իր մյուս որդին՝ Անդրանիկ Ազիբեկյանը, ազատազրկման վայրում է:
2015թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Ա. Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր. 308 հոդ. 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, ՀՀ քր. օր. 258 հոդ. 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ազատազրկման: Քրգործը առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի երեկոյան «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությանը: Դատավճռի հրապարակման օրը՝ օգոստոսի 5-ին, սահմանամերձ Բաղանիս գյուղում Կոթիի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ Ա. Ազիբեկյանի դատավճռի դեմ բողոքելով՝ մի քանի ժամով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան: 2016թ. մարտի 29-ին քրգործերով վերաքննիչ դատարանը որոշել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 5 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ազիբեկյանի պատժաչափը փոխել՝ դարձնելով 4 տարի, 4 տարվա ազատազրկման դատապարտված Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Ա. Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, 6.5 տարվա ազատազրկման դատապարտված «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Ա. Խոջումյանին ազատ արձակել: Ա. Ազիբեկյանը դիմելու է վճռաբեկ դատարան: Նշենք, որ նա նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ա. Ազիբեկյանը մասնակցել է Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիի պաշտպանությանը: Նրա ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ: 43-ամյա Ա. Ազիբեկյանը 3 որդի ունի, որոնցից ավագն այժմ ժամկետային զինծառայող է, միջնեկը սովորում է Իջեւանի վարժարանում, իսկ կրտսեր որդին 2 տարեկան է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս