Ընդունելության  քննությունների ողջ գործընթացը կլինի կառավա­րության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2016թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական ավարտական և միասնական քննությունները համապետական նշա­նակության միջոցառում են և գտնվում են  հասարակության ուշադրության կենտրոնում:

«Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ: Մասնավորապես՝ քննությունների անցկացման գործընթացի թափանցիկու­թյան բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը հնարավորություն տվեցին հասնելու թերևս ամենակարևորին՝ հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը և քննությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ վստահության աճին», ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը քննական կենտրոնների ղեկավարներին է ներկայացրել իր նկատառումները.

«Ինչպես անցած տարի, այս տարի ևս քննությունների ողջ գործընթացը կլինի կառավա­րության ուշադրության կենտրոնում: Չնայած վերջին տարիներին միասնական քննու­թյունների ժամանակ լուրջ խնդիրներ չեն առաջացել, այնուամենայնիվ, հորդորում եմ ձեզ այս տարի ևս լինել զգոն և կազմակերպված: Քննությունները պետք է ընթանան բացառապես թափանցիկ և արժանահավատ՝ զերծ անօրինական երևույթ­ներից: Դրա հիմնական պատասխանատուն դուք եք: Քննական կենտրոնի ղեկավարը պետք է գերազանց տիրապետի ողջ գործընթացին, կարողանա հայտնաբերել խնդիրները և արագ լուծումներ տալ դրանց»: Կառավարության ղեկավարը ներկաներին հորդորել է  լինել անաչառ, հանդուրժող և բարեհամբույր  ծնող­ների ու դիմորդների նկատմամբ.

«Շատ կարևոր է, որ քննասենյակում դիմորդը իրեն զգա բարեհաճ մթնոլորտում:  Ձեր արդյունավետ գործունեությամբ դուք պետք է նպաստեք քննական գործընթացում փոխըմբռնմանը, վստահության և հարգանքի մթնոլորտի ձևավորմանը,  յուրաքանչյուր դիմորդի համար հավասար պայմանների ստեղծմանը՝ իրենց գիտելիք­ները և կարողությունները լավագույն ձևով դրսևորելու համար:

Այս առումով միասնական քննությունների անցկացումն այն առանցքային փուլն է, որի արդար կազմակերպումն առողջ մրցակցային պայմաններ կստեղծի դիմորդների միջև և հնարավորություն կտա մեր բուհերը համալրել արժանի ուսանողներով»,- շեշտել  է վարչապետը:  Նշելով, որ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ եւ անդրադառնալով Նախագահի փետրվարի 12-ի ելույթին ու կառավարության նիստում իր հայտարարությանը ՝  Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվելու հնչեցված  բոլոր ուղղություններով:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է, որ  ընթացակարգով նախատեսված 2016 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները  կատարված են  և այդ առումով որևէ խնդիր չկա:




Լրահոս