Կորյուն Նահապետյանը լուրջ է ընդունել, որ պատգամավոր է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին, անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչ են, թե ընդդիմադիր, թերեւս կարելի է երկու մասի բաժանել` գործիչներ եւ աթոռ զբաղեցնողներ: Նույնիսկ ՀՀԿ-ի խմբակցություններում բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք իրենց կոռումպացված էությամբ հանդերձ, միեւնույն է, քաղաքական գործիչներ են եւ իրենց դիրքին հասել են ինքնուրույն: Վերջին տասը տարիներին ԱԺ թափանցեցին նաեւ «գրպանի» պատգամավորները, որոնք ինչ-որ պաշտոնյայի կամ օլիգարխի դրածոն են: Թվում է, թե նրանց բախտը բերել է, օրենսդիր են դարձել, բայց իրականում նրանց ճակատագիրը շատ ծանր է: Մարդիկ ապրում են՝ գիտակցելով, որ եթե «տերն» իրենց գլխից ձեռքը վերցնի, ապա նույն պահին կհայտնվեն փողոցում` հին տաշտակի առջեւ նստած:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը 2009-ին պատգամավոր դարձավ գործարար Սամվել Ալեքսանյանի ազգականը լինելու շնորհիվ, երբ Մալաթիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը 2008-ին կալանավորվեց: Նույն Ալեքսանյանի շնորհիվ Նահապետյանը 2012-ին եւս մանդատ ստացավ եւ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ: Պարզվում է՝ այն աստիճան է լուրջ ընդունել իր պատգամավորական կարգավիճակը, որ սկսել է լրագրողներին խրատել, թե նրանք ինչ պիտի անեն, ինչը ոչ:

Երեկ նա «Ժողովուրդ»-ի լրագրողին հանդիմանել է այն բանի համար, որ օրաթերթը Սեյրան Օհանյանի հետ պատգամավորների փակ հանդիպումից մանրամասներ է հրապարակել: Ստիպված ենք բախտի բերմամբ մանդատ ստացած պատգամավորին հիշեցնել, որ տեղեկություն փնտրելը, գտնելը եւ տարածելը լրագրողներիս սահմանադրական իրավունքն է, իսկ պատգամավորինը` բերանից «թուլ» չլինելը, որ հետագայում ստիպված չլինի իր մեղքը լրագրողների վրա գցել: Այնպես որ, մենք շարունակելու ենք տեղեկություններ հրապարակել անգամ ամենափակ նիստերից՝ ինքներս զտելով ինֆորմացիան, որպեսզի մեր երկրի դեմ ոչինչ չհրապարակվի. թեեւ շատ նիստերում որոշ գործիչներ մեր երկրի դեմ են ելույթներ ունենում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս