«Մենաշնորհների դեմ պայքարում այս տարի շատ արդյունք չենք ունենա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին՝ կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով կառավարության անելիքներին՝ խոսել էր նաեւ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին: Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, խոսելով նույն խնդրի մասին՝ վարչապետը նշեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա:

Այս հակասական հայտարարությունների դրդապատճառների եւ մենաշնորհների դեմ իրական պայքարի հնարավորության շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարել էր մենաշնորհների դեմ պայքարի մասին, իսկ նախօրեին նա նշեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա: Այս երկու հակասական հայտարարություններն ինչպե՞ս պետք է հանրությունը հասկանա:

-Ֆորմալ առումով ճիշտ է ասել վարչապետը: Օրենսդրորեն մեզ մոտ դրանք պատժելի են, եւ որեւէ մեկը ինչ-որ մեկին արտոնություն չի տվել կամ ասել, որ դու ես միայն սրանով զբաղվելու: Բայց մեզ մոտ իրականում կան այնպիսի երեւույթներ, որ արդեն չգրված օրենքներ են: Ինչ-որ մարդկանց հանդեպ աչքը փակել եւ լինել այդ պրոցեսներում ինտեգրված: Այսինքն՝ այդ ներկրվող ապրանքների համար արտոնություններ տալ ինչ-որ մարդկանց` մյուսներին արհեստականորեն խանգարելով:

Այդ մոնոպոլիաների, օլիգարխների մեջ կան ներկրողներ, որոնց թիկնապահները գնում են, սրան-նրան սպառնում են, ասում են՝ էլ չբերես, եթե բերես, քո հետ էս կլինի, էն կլինի, եւ ինչ-որ հետեւանքներ են լինում, եթե չի լսում: Կան շատ տարբեր թաքնված մոնոպոլիաներ. շատ պաշտոնյաների, պատգամավորների, նախկին նախարարների երեխաները, քույրերը, եղբայրները, հարսները, փեսաները, ընկերները բիզնեսների մեջ են մտել, եւ նրանք, քանի որ գիտեն՝ ով ով է, ստուգումները անհավասարաչափ են կատարվում նրանց հանդեպ:

Կարող են նրանց չստուգել, ստուգել` չտուգանել կամ շատ քիչ ստուգումներ անել: Սա անհավասարության մրցակցության մի երեւույթ է, որը արհեստականորեն մոնոպոլիա է առաջացնում, որովհետեւ նրանք, ովքեր ազնիվ աշխատում են՝ սկսում են քիչ-քիչ թուլանալ եւ շուկայից դուրս թռնել, նրանց տեղերը սկսում են գրավել: Սա էլ է մոնոպոլիայի ձեւ, որը թաքնված է, եւ այդպիսի կազմակերպությունները Հայաստանում հազարավոր են: Սրանք տնտեսության շատ օղակներում են մտնում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում են, քանակապես շատ են ու քանի գնում՝ շատանում են:

Քանի որ հիմա վարչապետը խոսում է մոնոպոլիաները վերացնելու կամ կոռուպցիայի խնդիրների մասին, ապա լավ կլիներ այնպիսի պրոցես սկսել Հայաստանում, որտեղ պետռեգիստրը, պետական եկամուտների կոմիտեն եւ այլ մարմինները, որոնք որ առնչվում են գործատուների հետ, կարող են չգրված ինֆորմացիաները դասակարգել, լուրջ բազա ստեղծել, թե մենք ինչ պետք է անենք, որ այս համակարգը կարգավորենք: Մենք առարկություն չունենք, որ պաշտոնյաների երեխաները կամ ընկերները բիզնես ունենան, բայց պետք է լինեն հավասար պայմաններ, չպետք է նրանք իրենց դիրքը չարաշահեն. սրան-նրան զանգելով՝ հարցեր լուծեն: Սա ավելի լուրջ պրոցես է եւ շատ ավելի մեծ, համախառն ներքին արդյունքի, ստվերի, բյուջեի հարկերի եւ բիզնեսին դուրս մղելու առումով ավելի վտանգավոր երեւույթ է:

-Վարչապետի հայտարարությունը արդյոք կնպաստի՞ մենաշնորհների դեմ գոնե նվազագույն չափով իրական պայքար սկսելուն:

-Արդյունքը միայն վարչապետի հայտարարությամբ չի լինի: ՀՀ նախագահն էլ անձամբ պետք է հրահանգավորի: Նա արդեն սկսել է որոշ քայլեր անել, որը ողջունելի է: Բայց միաժամանակ պետք է մոնիտորինգի ռեժիմ ստեղծեն, որպեսզի մենք վստահություն ունենանք եւ թափանցիկ լինի ամեն ինչ: Պետք է մոնիտորինգի խումբ ձեւավորեն հասարակական կառույցների անկողմնակալ մարդկանց խմբերով, որոնք որ կկարողանան պրոցեսի դիտարկումներ անել, որովհետեւ եթե այսպես խոսենք, անցնենք, բայց հետո չկատարենք, չի լինի: Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ շատ բարդ խնդիր է, եւ վստահաբար կարող եմ նաեւ ասել, որ այս տարի այս ուղղությամբ մենք շատ արդյունք չենք ունենալու:

-Պարո՛ն Մակարյան, ըստ Ձեզ՝ վարչապետը ինչո՞ւ հենց հիմա որոշեց խոսել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

-Բնականաբար վարչապետը պետք է հարցը հնչեցնի: Նա հաշվետու է կառավարության, Ազգային ժողովի առաջ եւ, բնականաբար, կարող էր ելութ ունենալ այդ առումով: Եւ վերջին հաշվով այստեղ նման երեւույթը հանրությանը, աշխարհին, տարբեր միջազգային կառույցներին ներկայացնելու խնդիրն է: Այսինքն՝ մեր կառավարությունը փորձում է ապացուցել, որ ինքը լուրջ մտադրություններ ունի, որը հոգեբանորեն կարեւոր է դոնորների հետ աշխատելու առումով: Որովհետեւ ստվերը եւ կոռուպցիան ամբողջ աշխարհի էկոնոմիկային են վնասում նաեւ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս