Ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում յուրաքանչյուրից կխնայվի 1.7 մլն դրամ. դրանք աճուրդի կհանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրճատված 797 ծառայողական մեքենաների մի մասը աճուրդի կհանվի, կվաճառվի, իսկ ոչ պիտանի մեքենաներն էլ առանձին մասերով կվաճառվեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա ասաց, որ մեքենաների հետ կապված կառավարությունն ունի երկու հնարավոր մոտեցում։ «Մի մոտեցումն այն է, որ մեքենաները կտեղափոխվեն այլ մարմիններ, որտեղ կա պակասորդ, որտեղ պետք է նոր մեքենա գնվեր: Մենք ասում ենք՝ եկեք տնտեսենք նոր մեքենաների գումարները, ձեզ տանք նոր մեքենա: Մյուս մոտեցումն այն է, որ ենթադրենք, պայմանական ասեմ, մարմիններից մեկին ֆինանսավորում ենք 7 մեքենայի համար, բայց մարմնում կա 9 մեքենա, ապա հնարավոր է, որ որոշում կայացնենք երկու մեքենան չօգտագործել, բայց երբ հերթական մեքենան սպառի իր ռեսուրսը, այդ 7 մեքենաներից մեկը շարքից դուրս գա, օգտագործենք այն երկուսը, ոչ թե գնենք նորը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում, յուրաքանչյուր մեքենայից կխնայվի 1.7 միլիոն դրամ, քանի որ կկրճատվեն նաև յուրաքանչյուր ավտոմեքենանի վառելիքի ու գույքահարկի ծախսերը:




Լրահոս