Ըստ պաշտոնական տվյալների՝ 2002 թվականից մինչեւ 2014 թվականի սեպտեմբերը Հայաստանի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ: 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 49 վճիռ: Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2014 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով ներկայացվել է շուրջ 15 մլն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն կամ ընդհանուր պահանջի 3,8 տոկոսը:
Ժամանակը չէ՞, որ դատավորները սեփական գրպանից վճարեն իրենց իսկ կողմից կայացրած ոչ օրինական վճիռների համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ:
-Պարո՛ն Մկրտումյան, մինչեւ ե՞րբ պետք է դատավորների ոչ օրինական, անբարեխիղճ, որոշումների համար վճարի ՀՀ քաղաքացին:
– Եթե ուսումնասիրեք մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված 69 վճիռները, ապա կնկատեք, որ, օրինակ, 35 վճիռ վերաբերում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին («Ազատության իրավունքը»), 10 վճիռ՝ 3-րդ հոդվածին («Խոշտանգումների արգելք»), 4 վճիռ 8-րդ հոդվածին եւ այլն: Նշված վճիռների մեծ մասը կայացվել է ավելի քան տասը տարի առաջ, եւ դրանց հիմքում ընկած են առավելապես մինչ 2007-2008 թվականները ՀՀ քրեադատավարական, քրեական եւ վարչական օրենսդրության մեջ առկա կարգավորումները (օրինակ՝ վարչական կալանք, ձերբակալվելուց հետո դատավորի մոտ տարվելու երաշխիքի բացակայություն, գրավի սահմանափակ կիրառություն, խոշտանգումների վերաբերյալ վստահելի հայտարարությունների քննության երաշխիքների բացակայություն եւ այլն):
Եվրոպական դատարանում քննության առարկա դարձած վերոնշյալ ակտերը կայացվել են այն ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան, դրանք ապօրինի կամ անհիմն չեն եղել: Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ ակտերով կիրառված օրենսդրությունը եւ այդ օրենսդրության հիման վրա ձեւավորված դատական պրակտիկան չի համապատասխանել Եվրոպական կոնվենցիայի պահանջներին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Թերեւս հենց այս հանգամանքն էր ընկած 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման եւ իրավունքի զարգացման լիազորության հիմքում:
Ավելի քան տասը տարիների փորձը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձեւավորվել է հարուստ նախադեպային իրավունք, փոփոխվել է դատական պրակտիկան, ամրագրվել են Եվրոպական կոնվենցիայի եւ ՄԻԵԴ իրավաբանության վրա հիմնված երաշխիքներ ազատության իրավունքի, խոշտանգումների արգելքի, արդար դատաքննության իրավունքի, սեփակաության իրավունքի վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ամենօրյա աշխատանք է իրականացվում ապահովելու համար դատական պրակտիկայի համապատասխանությունը Եվրոպական կոնվեցիայի պահանջներին եւ Եվրոպական դատարանի իրավաբանությանը:
Օրենսդրության փոփոխման մեխանիզմները բարդ են եւ ժամանակատար, մինչդեռ ընդհանուր իրավասության բարձրագույն դատական ատյանը, ուղղակիորեն կիրառելով Եվրոպական կոնվենցիան եւ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, կարող է կայացնել որոշումներ, որոնք հնարավորություն են ստեղծում հրատապ կերպով շտկել օրենքներում առկա բացերը եւ տարակարծիք մեկնաբանությունները, ինչպես նաեւ լուծել դատական պրակտիկայում ծագող խնդիրները:
Դուք նման ուսումնասիրություն իրականացրե՞լ եք:
-Այո, կատարել ենք, եւ մեր երկրի նման սոցիալական խնդիր ունեցող պետության համար պատկերը խիստ մտահոգիչ է:
– Ընդհանուր պատկերի մասին ուսումնասիրություն կազմելու համար կարելի է, օրինակ, համեմատել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված ՄԻԵԴ վճիռների քանակը եւ օրինակ մեր հարեւան երկրների, ասենք՝ Վրաստանի, Ադրբեջանի էլ չեմ ասում Ուկրաինայի եւ Մոլդովայի: Եթե մեր երկրի նկատմամբ կայացվել է 69 վճիռ, այնտեղ այդ թիվը հասնում է 300, 400, 500: Իմ կողմից նշված բոլոր երկրները գտնվում են գրեթե նույն կարգավիճակում, ինչ Հայաստանի Հանրապետությունը, եւ օրենսդրության եւ դատական պրակտիկայի առումով:
-Դեռեւս 2014 թվականին ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ այդ գումարը գանձվեր տվյալ վճիռը կայացրած դատավորից, ասել է, որ այդ հարցը քննարկվում է Եվրախորհրդի անդամ երկրներում: Ինչո՞ւ անբարեխիղճ որոշում կայացրած դատավորները իրենք չեն վճարում իրենց գրպանից:
-Չծանրաբեռնելով Ձեզ բազմաթիվ միջազգային, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընդունված փաստաթղթերի մեջբերումներով՝ նշեմ, որ նման մոտեցումն անընդունելի է:
– Ինչո՞ւ
– Դատավորն իրականացնում է իր առաքելությունը, իրականցնում է արդարադատություն եւ անկախ է: Եթե վերլուծել եք Եվրոպական դատարանի վճիռների բովանդակությունը, ապա վստահաբար նկատել եք, որ դրանցից ոչ մեկում չի նշվում դատավորի (դատարանի) սխալի մասին:
-Ինչո՞ւ օրենսդրական բացը չեք լրացնում, թե՞ դա արդեն դեմ կլինի դատական համակարգին կամ ՀՀ իշխանությունների համար ոչ ցանկալի հետեւանք կարող է առաջացնել:
– Եթե Դուք հետեւեք վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին (ի դեպ, տարին առնվազն մեկ անգամ հրապարակվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ժողովածուները քրեական, ինպես նաեւ քաղաքացիական եւ վարչական գործերով), ապա կնկատեք, որ չկա վճռաբեկ դատարանի որեւէ որոշում, որում մի քանի հղում չկատարվի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հետեւողականորեն իմպլեմենտացնում է ՄԻԵԴ իրավաբանությունը ՀՀ դատական պրակտիկայում, բայց դա մեկ օրվա աշխատանք չէ, հնարավոր չէ այն իրականացնել միանգամից, կախարդական փայտիկի մեկ հարվածով:
-Մի՞թե դատավորները չեն հասկանում, որ կա օրենսդրական բաց: Ի՞նչ եք պատրաստվում անել, որ դատավորները սթափվեն:
– Դատավորները սթափվելու խնդիր չունեն, դատավորները իրենց գործը հստակ կատարում են:
-Վերջին շրջանում, հատկապես այս տարվա սկզբին, ակտիվ կերպով քննարկվեց Ձեր պաշտոնանկության հարցը: Ավելին՝ անգամ հնարավոր թեկնածուների անունները եւս շրջանառվեցին: Ըստ լուրերի՝ առաջիկայում Դուք պաշտոնանկ կարվեք եւ Ձեր փոխարեն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
-Ես 18 տարի է՝ աշխատում եմ դատական համակարգում, եւ չկա այդպիսի մի տարի, որ ես գոնե մի քանի անգամ իմ պաշտոնանկության մասին չլսեմ:
-Իսկ վերջապես, ե՞րբ կլինի Ձեր պաշտոնանկությունը: Ինչպես նկատում ենք՝ կադրերի երիտասարդացման միտում է գնում՝ հատկապես իրավապահ, ուժային կառույցներում:
– Ամեն ինչ լինում է իր ժամանակին: Վստահ եմ, Դուք՝ որպես լրագրող, առաջիններից մեկը տեղյակ կլինեք այդ մասին:
-ՀՀ կառավարության ղեկավարն անխոնջ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ: Ինչպես հայտնի է՝ ամենատարբեր ցուցանիշներով Հայաստանի ամենակոռումպացված համակարգերից մեկը հենց դատական համակարգն է, որի, այսպես ասած, վերադաս-պատասխանատուն, ըստ էության, Դուք եք: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչի՞ց է պետք սկսել:
-Օրենսդրական փոփոխությունների եւ դրանց համապատասխան իրականացված գործնական քայլերի արդյունքում այսօր արդեն իսկ առկա են դատական համակարգի անկախությունն ապահովող մի շարք գործուն եւ արդյունավետ երաշխիքներ, ինչպիսիք են վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնք հնարավորություն են ստեղծում հրատապ կերպով շտկել օրենքներում առկա բացերը եւ տարակարծիք մեկնաբանությունները, ինչպես նաեւ լուծել դատական պրակտիկայում ծագող խնդիրները:
Բացի այդ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնք իրենց առկայությամբ հնարավորություն են ընձեռում պաշտպանվելու հարցին այլ իրավական լուծում պահանջող տարբեր տեսակի, այդ թվում` վարչական ճնշումներից: ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն ապահովում են դատավարության բոլոր մասնակիցների համար կանխատեսելի արդարադատություն, որի արդյունքում կնվազեն կոռուպցիոն երեւույթները, եւ վերջ կդրվի դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությանը: Ի վերջո, այդ նախադեպային որոշումների հեղինակությամբ է պայմանավորված դատական իշխանության հեղինակության բարձրացումը, արդարադատության եւ արդարության նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը:
– Տարիներ առաջ՝ դատավորների աշխատավարձը երբ բարձրացվեց, հիմնավորումն այն էր, որ նրանք անկաշառ ու անկաշկանդ կլինեն: Բայց կարծես թե իրավիճակն առանձնապես չփոխվեց: Այլ ի՞նչ գործիքակազմ է հարկավոր կիրառել իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար:
-Դատավորների աշխատավարձը, որի բարձրացմանը զուգընթաց կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Դատավորների նյութական ապահովվածության մակարդակն ամենաանմիջական կապն է ապահովում դատավորի անկախության եւ անաչառության մակարդակի հետ:
Դատական գործերի պատահական բաշխումն ապահովող էլեկտրոնային համակարգի գործարկումը, որը նախատեսվեց ՀՀ դատական օրենսգրքում 2014թ. կատարված փոփոխությունների արդյունքում: Ներկայումս դատական գործերը դատավորների միջեւ բաշխվում է ոչ թե դատարանի նախագահի կողմից, այլ պատահականության սկզբունքով` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Ընդ որում, համակարգչային ծրագիրը մշակված է այնպես, որ բացառի արտաքին միջամտությունը բաշխման գործընթացին:
. 2016թ. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից սահմանված դատավորների վարքագծի նոր կանոնները: Ի թիվս դատավորի անկախությունն ու անաչառությունն ապահովող մի շարք այլ կանոնների` նախատեսվեց, որ դատավորը պարտավոր է խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը եւ անկախությունն արդարադատություն իրականացնելիս:
.ՀՀ դատարանների վարչական շենքերում բաց եւ փակ գոտիների առկայությունը: Դատավորների աշխատասենյակները տեղակայված են փակ գոտիներում: Բաց գոտիներն ընդգրկում են գրասենյակի սպասարկման սրահը, դատական նիստերի եւ մյուս դահլիճները: Եթե վարչական շենքերի բաց գոտիներ մուտքն ազատ է դատարան այցելող բոլոր անձանց համար, ապա փակ գոտի մուտք գործելու իրավունք ունեն միայն տվյալ դատարանի դատավորները, ՀՀ դատական դեպարտամենտի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման աշխատակիցները եւ սահմանված կարգով համապատասխան անցագիր ունեցող անձինք:
զրուցեց Քնար Մանուկյանը