«Հայաստանին խաբել են, և Հայաստանը դա թույլ է տվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Աստանայում Սերժ Սարգսյանը ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Հանդիպման ընթացում Սարգսյանը ելույթ է ունեցել` խոսելով ԵՏՄ հեռանկարների, նաեւ ԼՂՀ հակամարտության մասին:

«Ժողովուրդ»-ը երեկ այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին:

-Պարո՛ն Սաֆարյան, Սերժ Սարգսյանի՝ Աստանայում ունեցած ելույթից ի՞նչ նոր շեշտադրումներ կարող եք առանձնացնել:

-Սերժ Սարգսյանի ելույթից նկատելի է, որ Հայաստանը առանձնապես որեւէ օգուտ չունի ԵՏՄ-ից: Նա խոսում է, որ գործարարները, սպառողները, բոլորը պետք է իրենց վրա զգան ինտեգրացիոն արդյունքները, սրա տակ թերեւս հանդիմանություն է, որ այն դեռեւս տեսանելի չէ: Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է նաեւ նրա մասին, որ ԵՏՄ-ի ինտեգրացիան բավականին բարդ միջազգային տնտեսական քաղաքական վայրիվերումների պայմաններում է, բայց նկատելի է, որ Հայաստանը առայժմ կոնկրետ օգուտների մասին չի կարող խոսել:

Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծում է այն, որ Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին կանգնեցնել ռազմական գործողությունները, իսկ ավելի ստույգ՝ հայկական հակագրոհը: Եւ, բնականաբար, ակնկալում է, որ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես ակտիվ դերակատարում ունենան Ադրբեջանին զսպելու հարցում, բայց, իհարկե, սրանք միամիտ հույսեր են: Թերեւս Սերժ Սարգսյանն ու մենք տեսել ենք, թե ինչպես են իրենց պահում Բելառուսը եւ Ղազախստանը, չասենք Ղրղըզստանի մասին: Համենայնդեպս, երեք երկրները` Ռուսաստանը, Բելառուստը եւ Ղազախստանը, մտածելու բան ունեն, ըստ որում, նկատելի է, որ Հայաստանը նաեւ նախազգուշացնում է, որ հնարավոր լարվածության դեպքում ինքը դառնալու է հակամարտության մեջ ներգրավված կողմ: Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն լուրջ մարտահրավերներ ունի:

-Ըստ Ձեզ, ո՞րն էր այստեղ Հայաստանին ոչ ձեռնտու ձեւակերպումը:

-Ես կուզենայի ավելի խիստ լիներ Սերժ Սարգսյանը: Ի վերջո, այդ կապը՝ տնտեսական ինտեգրացիայի եւ անվտանգության խնդիրների, բավական լավ է տրված, բայց կարծես մի տեսակ զգուշավորություն կա իրերը կոչել իրենց անուններով, թե ինչպես են իրենց պահել մեր գործընկերները, այս առումով հանդիմանանքը պետք է հասցեական լիներ: Ես սպասում եմ, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով որեւէ մեկի շուրթերով հստակ կփակի այն վտանգավոր խաղը, որը սկսվել է, դա Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելն է:

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ ԵՏՄ-ն կայացել է, որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն:

-Ինձ թվում է, որ Ռուսաստանն ուղղակի փորձում է գոյություն չունեցող բանը ներկայացնել, որպես գոյություն ունեցող: Հասկանանք, որ Պուտինը պետք է ուղղակի նման գնահատական տար, քանի որ սա իր նախագիծն էր, տապալված նախագիծը, բայց Ռուսաստանի ղեկավարը չի ուզում խոստովանել, որ այն ապագա, նաեւ ներկա չունի:

-ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում Ռուսաստանից եկող ֆինանսական փոխանցումները զգալիորեն նվազել են, եւ այդ միտումը շարունակվում է: Ինչպիսի՞ կանխատեսում կարող ենք անել առաջիկայի համար:

-Դրան մասամբ հանգեցրել է Ռուսաստանում առկա իրավիճակը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի վերին աստիճանի աննրբանկատ քաղաքականությունը իր դաշնակից երկրների նկատմամբ: Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը բացարձակապես ինտեգրացիոն գործընթացների ոգու ներքո չէ: Հետեւաբար պատահական չէ, որ մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան օգուտներ, այն դեպքում, երբ ամպագոռգոռ հայտարարություններ էին արվում կապիտալի, ապրանքների, ծառայությունների, մարդկանց տեղաշարժի եւ ավելի մեծ արդյունք ստեղծելու մասին: Այս ինտեգրացիային զուգընթաց միգրացիոն քաղաքականությունը անհասկանալի դրսեւորումներ է ստանում, որին գումարվում է Ռուսաստանի վատթարացող տնտեսական իրավիճակը: Գնալով մեր հայրենակիցների մասնավոր տրանսվերտները նվազում են: Ակնհատ է, որ մինչեւ այժմ շուկաների մատչելիության խնդիրը լուծված չէ, չի էլ կարող լուծվել, որովհետեւ դրանք բոլորը փակ, մենաշնորհային շուկաներ են: Այդտեղ ինտեգրացիան չի կարող որեւէ լուրջ բան փոխել, որովհետեւ այդ երկրները իրենք տեղով օլիգարխիկ, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատ շուկայական տնտեսություններ են:

-Հայաստանում կտրուկ պակասել է նաեւ ներդրումների ծավալը: Ձեր կարծիքով ի՞նչն է հանգեցրել այս վիճակին:

-Սա նույնպես ԵՏՄ-ի հետեւանքներից մեկն է, որովհետեւ Հայաստանը ԵՏՄ մտցվելով՝ խնդիր է դրվել նվազեցնել երկրի գրավչությունը օտարերկրյա ներդրումների համար: Այստեղից էլ Հայաստանը որպես ռիսկի գոտի եւ նաեւ փոքր շուկա գրավիչ չի եղել օտարերկրյա ներդրողների համար: Սրան էլ գումարվել է Հայաստանի կոռուպցիոն համակարգը, օրինականության պակասը եւ այլն: Արեւմտյան որեւէ լուրջ ֆիրմա տնտեսական հաշվարկներով ներդրում չի կատարի, եթե ինքը գիտի, որ այս երկրի տնտեսական գնացքը այլ ռելսերի վրա է դրված, եւ ինքը շատ արագ կարող է կորցնել իր կատարած բոլոր ներդրումները: Հետեւաբար, որեւէ մեկը չի էլ շտապում այդ ներդրումները կատարել: Միակ հույսը նա էր, ինչպես խոստացել էին ռուս գործընկերները ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ, որ Հայաստանում ռուսական ներդրումների հեղեղ կլինի, բայց մենք դա էլ չտեսանք եւ կարող ենք արձանագրել, որ Հայաստանին խաբել են, իսկ Հայաստանն էլ թույլ է տվել դա:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս