ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով ջերմային տնտեսությամբ զբաղվողներից շատերն արդեն վաճառում են իրենց ջերմոցներն ու երկրից հեռանում: Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց, որ այս տարիների ընթացքում անընդհատ գազի գինը բարձրացել է, իսկ կալորիականությունը՝ իջել. գազն առաջվա պես չի տաքացնում: Նրա համոզմամբ` ֆերմերները մոտ 30 տոկոս ավել գազ են այրում` ստանալու համար բարձր ջերմություն: Եվ հիմա նրանք կանգնել են փաստի առաջ, քանի որ չեն կարողանում վառելիքի այլընտրանքային աղբյուր գտնել` ավելի էժան ու բարձր կալորիականությամբ:
Սակայն այս խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, հակառակը` ամեն ինչ անում է ջերմատնտեսներին  խոչընդոտելու համար: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման եւ զարգացման ներդրումային ծրագրին: Սահմանվել էր, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն եւ կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը կարող է ներդրողներ ընտրել մինչեւ 2014թ. դեկտեմբերի 1-ը: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ: «Հայկական բերքի առաջմղման կենտրոն»-ը նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություններ է ստեղծում. առաջիկա տարիներին 500 հա ջեռուցվող եւ 1500 հեկտար չջեռուցվող թաղանթապատ ջերմոցներ կկառուցվեն: Նախատեսվում է 5-7 տարիների ընթացքում 600-700 հազար տոննա լրացուցիչ բանջարեղեն արտադրել, որի 90-95 տոկոսը կարտահանվի Ռուսաստան:
Այս ամենը, բնականաբար, առաջին հերթին հարվածելու է մանր եւ միջին  ջերմատնտեսներին: Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ առաջիկայում փոքր եւ միջին ջերմատները կփակվեն: «Արդեն փակվում են: Սկսենք նրանից, որ մարդիկ ջերմատան խողովակները կտրտում են ու վաճառում: Բացի այդ, մեր իշխանություններն արդեն հանգիստ կարող են լոլիկ ու վարունգ ներկրել Թուրքիայից եւ Իրանից: Շուտով նաեւ կստեղծվեն նոր տեխնոլոգիաներով ջերմատներ, բայց այդ տեխնոլոգիաներից այսօր եւ ոչ մի հասարակ գյուղացի չի կարող գնել, ձեռք բերել: Մարդիկ չեն կարողանում նույնիսկ գազի վարձը վճարել, ուր մնաց թե նորագույն տեխնոլոգիա ձեռք բերեն,-վրդովված նկատեց Գեւորգյանը` հավելելով,-փայտ վառելը թանկ է, դիզվառելիքը` նույնպես: Միայն գազ, չնայած, որ այն այսօր այդքան էլ որակով չէ: 30 տոկոս ավել գազ ենք այրում, որ գոնե նույն ջերմաստիճանը ստանանք, ինչպես նախկինում էր: Ներկայիս գազի որակը սարսափելի է»:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մարդկանց վիճակը փրկելու համար Գեւորգյանը գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է «Ջերմատների զարգացման հայեցակարգ», սակայն որոշ ժամանակ անց այն մերժվել է:
Նրա խոսքով, Արարատի մարզի Դարակերտ համայնքի մի քանի ընտանիք ջերմատների խողովակները վաճառել են եւ դրանով ընտանիքի անդամների համար տոմս գնել ու մեկնել  երկրից:
«Գետափնյա գյուղից էլ մեկը 1.5 հա ջերմատուն ուներ, ասաց՝ ես սրա տակից չեմ կարող դուրս գալ, իր բոլոր խողովակները կտրտեց ու վաճառեց: Ի՞նչ անենք, օրինական ձեւով պայքարում ենք, բայց անօգուտ: Մի բան է մնում անել՝ ճամպրուկները հավաքել ու հեռանալ այս երկրից: Թե չէ անհնար է այսպես շարունակել: Մարդիկ վարկեր են վերցնում ու գազի վարձեր վճարում: Գործող իշխանությունները գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու, գյուղացուն աջակցելու փոխարեն միտումնավոր քայքայում են նրա կյանքը: Եվ դաշտը մոնոպոլացնում են»,-նկատեց Պ. Գեւորգյանը:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող գյուղացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեցին, որ ջերմատնից ստացած ողջ եկամուտը տալիս են բանկերին:
Արմավիրի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչ 55-ամյա Գագիկ Բաբախանյանի կարծիքով՝ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում հայ գյուղացուն օգնելու ուղղությամբ. «Երես են թեքել գյուղացուց: Դեռ անցյալ տարվա պարտքերը չտված՝ այս տարի շարունակում ենք նորից պարտք կուտակել: Մարդիկ կան, որոնք խուսափում են ջերմատներն աշխատեցնելուց: Վառելիքի ալտերնատիվ աղբյուր չենք կարող մտածել: Սննկացման եզրին ենք կանգնած, ինչի պատճառով մարդիկ կան, որոնք բռնել են արտագաղթի ճանապարհը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հաճախակի է հեռուստատեսությամբ հանդես գալիս եւ մեծ ոգեւորությամբ հայտարարում, թե իբր գյուղատնտեսությունը զարգացել է: Սակայն, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մարդկանց խոսքով, հակառակը` հետ է գնացել եւ այսօր գոյատեւման խնդիր ունի: Իրական պատկերը հասկանալու համար ընդամենը պետք է պարզել` միջին վիճակագրական գյուղացին աճ ունեցել է, թե ոչ, շինարարություն արել է, թե ոչ, իր ապրելակերպի պայմանները լավացել են, թե ոչ, վարկային պարտավորությունները կարողանում է ժամանակին կատարել, թե ոչ: Այս դեպքում  ամեն ինչ պարզ կդառնա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս