«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ամիսներ առաջ գրել էր, որ տարեսկզբից պետական մարմինների ղեկավարները «հրահանգ» են ստացել աշխատավարձերի վճարումը կատարել բացառապես «Հայբիզնեսբանկ»-ով: Ըստ շրջանառվող լուրերի՝ հրահանգ ստացողների թվում են եղել նաեւ Երեւանի մի շարք դպրոցներ եւ մանկապարտեզներ: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջերս Երեւանի մի շարք մանկապարտեզներ հրաժարվել են «Հայբիզնեսբանկ»-ի ծառայություններից:
Երեւանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց տնօրենը հիմա էլ փոխանցել է, որ գնան եւ մեկ այլ բանկից աշխատավարձի քարտ ստանան, քանի որ այլեւս հրաժարվում են «Հայբիզնեսբանկ»-ի ծառայությունից: Իսկ թե ինչն է այս փոփոխության պատճառը, մանկապարտեզի տնօրինությունը հրաժարվել է պարզաբանել: Տեղեկանալու համար, թե ինչն է խնդիրը, «Ժողովուրդ»-ը դիմեց բանկ, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Նման տեղեկություն չկա, հետեւապես չենք կարող որեւէ պատճառաբանություն տալ: Գուցե՞ մանկապարտեզներից ճշտեք, թե ինչու են հրաժարվել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: