Հունիսի 6-ին ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը նախօրեին նախագահական նստավայրում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Վերջինս կրկին անգամ հավաստիացրել է, որ մեղավորները կպատժվեն, դեպքն էլ` կբացահայտվի: Այս մասին Խանումյանը նշեց ArmLur.am-ի հետ զրույցում:
Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած ձերբակալվածների հետ առերեսում տեղի չի ունեցել, սակայն ինքը լուսանկարով նայել է ու ճանաչել: «Նոր ձերբակալությունների հարցում հավանաբար ինչ-որ խոչընդոտներ կան օբյեկտիվ պատճառներից ելնելով, տեսնենք: Չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ միգուցե իր մեջ նապաքննական գաղտնիք է պարունակում»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանի ծեծի դեպքը տեղի ունեցավ ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի` Արցախ մեկնելու հաջորդ օրը, երբ դրա նախորդ օրը Խանումյանը Բաբայանին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակցիա էր իրականացրել: Ծեծի հետեւանքով կոտրվել էին պատգամավորի 3 կողոսկրերը, այտոսկրը, քիթը, 2 ողերի ելունները:
Հավելենք, որ թեև Հայկ Խանումյանն իր ծեծի մեջ կասկածվողների 7 տվյալ է տրամադրել ոստիկանությանը, սակայն դեպքից 10 օր անց ձերբակալվածներն ընդամենը 3-ն են: Հունիսի 9-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էին եւս երկու հոգի՝ Ստեփանակերտի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը եւ 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը: Իսկ նախօրեին էլ ձերբակալվել է ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։
Նաիրա Հովհաննիսյան