ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ժիրայր Սեֆիլյանն ինձ համար թանկ անձնավորություն է: Ես նկատի չունեմ նրա վերջին տարիների քաղաքական գործունեությունը, ոչ էլ նույնիսկ Արցախյան պատերազմի տարիները, երբ նա պատերազմի ամենամարտունակ գումարտակներից մեկի` Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարն էր: Այլ 2001 թվականը, երբ մեծ հարգանքի արժանի Տիգրան Կյուրեղյանի և Արմեն Աղայանի հետ նրանք ստեղծեցին ”Ազատագրված տարածքների պաշտպանություն” շարժումը:
Այդ տարիներին մեր հասարակություններում բավականին տարածված էին հանձնողական տրամադրությունները և այս շարժումը կարևոր էր հասարակական կարծիքի փոփոխության համար: Սեֆիլյանի դեմ վերջերս ծավալված տեղեկատվական հարձակումները, ապա նրա խիստ կասկածելի ձերբակալումը ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունների կողմից տեղի է ունենում տարածքային զիջումների դեմ հանդես գալու պատրաստ ուժերի դեմ պայքար: Պետերբուրգյան հանդիպումից անմիջապես առաջ նման գործելակերպն ամբողջովին վեր են հանում ՀՀ իշխանությունների պարտվողական մտադրություններն ու դրանք իրագործելու ցանկությունը»: