ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Թեեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար հերքում են իրենց լարված հարաբերությունների մասին լուրերը, սակայն երեկ հերթական անգամ ապացուցվեց հակառակը: Տ. Սարգսյանը երեկ մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած միջոցառմանը, որտեղ ինքն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը ելույթ են ունեցել: Կառավարության պաշտոնական կայքը բավական ծավալուն լուսաբանել է ոչ միայն Տ. Սարգսյանի ու Վ. Գաբրիելյանի ելույթները, այլեւ ողջ միջոցառումը եւ այնտեղ հատուկ շեշտել, որ ՀՀ ԱԺ-ին տրվել է «Ժանգոտ կողպեք»՝ որպես ՀՀ ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում ՀՀ ՏԱ մասին օրենքի պահանջները: Այսինքն՝ պետական մի գերատեսչությունը վիրտուալ դաշտում դուրս է եկել մյուսի դեմ՝ տեղադրելով «ժանգոտ լուրեր»:
ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՆԱՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարան է ներկայացրել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ: Դրանով Պողոսյանն առաջարկում է, որ ՀՀ նորանշանակ դեսպանները մինչ նշանակման վայր մեկնելը ներկայանան ԱԺ արտաքին հանձնաժողովին: Այս նախաձեռնությունն ուշագրավ է այն առումով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը, ըստ Սահմանադրության, վարում է երկրի նախագահը: Ու հիմա սրանով փորձ է արվում միջամտել Սերժ Սարգսյանի գործերին եւ դեսպանների վրա օրենսդրական իմպերատիվ պարտականություն դնել՝ ԱԺ ներկայանալու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս նախագիծը Թ. Պողոսյանը գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հորդորով, որի հետ նա մտերիմ հարաբերություններ ունի: Ա. Զաքարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրը՝ ասելով. «Նման բան չկա»:
ԱՂՎԱՆԻՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ
ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը երեկ հանդիպեց ԱԺ 5 խմբակցությունների հետ: Հանդիպումից հետո խմբակցության անդամները հիմնականում նշում էին, որ Գ. Կոստանյանի հետ քննարկել են նրա հետագա ծրագրերը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, թե իրենք որեւէ հատուկ հարց չեն քննարկել: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե Գ. Կոստանյանը «բոլոր առումով եւ որակներով ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը». «Այս միջավայրում նա չի կարող իրեն դրսեւորել որպես օրինականության պահապան»: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե կոռեկտ չի լինի, եթե ինքը ներկայացնի իրենց խմբակցության մյուս պատգամավորների բարձրացրած հարցերը՝ հավելելով, որ երկուշաբթի իրենք նիստ կանեն ու կքվեարկեն միասնական: Գ. Կոստանյանը եւս հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին: