Արթիկում արտակարգ իրավիճակ է. քաղաքով հոսող ջուրը լցվել է մանկապարտեզներից մեկը. 70 երեխա է դուրս բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ է։ Քաղաքում ջրհեղեղ է: Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ այն աստիճան է լարվել իրավիճակը, որ մարդիկ դուրս են եկել տներից` վախենալով գտնվել փակ տարածքներում:

Ըստ մեկնաբանությունների` ջուրը դեպի քաղաք է լցվել կամ Հոռոմի ջրամբարի պայթելու հետևանքով կամ մեկ այլ վայրից:

Ջուրը լցվել է բնակիչներից շատերի գոմերը, փողոցներն ամբողջությամբ անանցանելի են:  Ջրի ուժգնությունն այնքան մեծ է, որ քշել է մեքենաներ, վնասել տներ ու հողամասեր։ Վնասների քանակը գնալով ավելի է մեծանում, իսկ ԱԻՆ աշխատակիցները փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Քաղաքապետ՝ Արսեն Աբրահամյանի և առհասարակ քաղաքպետարանի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք համառորեն չեն պատասխանում հեռախոսազանգերին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:

Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս