Դատապարտում ենք քաղաքական հետապնդումները. Հայկական Վերածնունդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ) հասարակական կազմակերպության ղեկավարության և անդամների նկատմամբ վերջին օրերին ակտիվացված քաղաքական հալածանքները:

Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություններ, հարցաքննություններ և մեկ ձերբակալություն: Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է շինծու քրեական գործ կառուցել՝ դրանում օգտագործելով պարտադրված, կեղծ ցուցմունքներ և խուզարկությունների միջոցով փորձում է ինչ որ կերպ կորզել համապատասխան նյութեր:

Հատկապես զայրացուցիչ է, որ խուզարկվել է նաև մեր կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու, ՇԱԳԱՄ-ի վարչության անդամ Գարիկ Խաչատրյանի հայրական տունը: Բնականաբար, այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել:

Նշենք, որ Գարիկ Խաչատրյանը Հայաստանում չի բնակվում: Նա ապրիլյան պատերազմից հետո երկու ամսով գտնվում էր Հայաստանում՝ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների համար մեր կազմակերպության կողմից հավաքված դրամական օգնությունը հասցեատերերին հատկացնելու նպատակով:

Այդ ընթացքում նա նաև բազմաթիվ շփումներ է ունեցել ՇԱԳԱՄ-ի և Նոր Հայաստանի ղեկավարության հետ, որը և պատճառ է դարձել նրան նույնպես քաղաքական հալածանքների ենթարկելու: Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության բոլոր անդամների կողմից մեր զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի և ՇԱԳԱՄ-ի խաղաղ քաղաքացիական նախաձեռնություններին: ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմաբ սանձազերծած քաղաքական հալածանքները: Փարիզ, 04/07/2016 Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ:




Լրահոս