«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրությունն այսօր դարձավ 21 տարեկան: Անցած տարիներին Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասի համար Սահմանադրությունն այդպես էլ չդարձավ երկրի հիմնական փաստաթուղթ՝ Մայր օրենք: Առկա իրավիճակը բազմաթիվ պատճառներ ունի, բայց ամենակարեւորն այն է, որ քաղաքացին մինչ օրս գործողության մեջ չի տեսել Սահմանադրությունը՝ զրկված լինելով ընտրություններով իշխանություն ձեւավորելու իր անքակտելի իրավունքից: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը` «ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է», խախտվել է տարիներ շարունակ:
1995 թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրությունն ընդունելուց հետո Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական չորս եւ նախագահական հինգ ընտրություններ: Միայն մեկ անգամ՝ 1999-ի ԱԺ ընտրություններից հետո է իշխանության ղեկը հայտնվել ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող անձանց ձեռքում` ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի: Մնացած բոլոր ընտրությունների ելքը քաղաքացիների նախապատվության հետ կապ չի ունեցել, այսինքն՝ Սահմանադրության 2-րդ հոդվածը չի գործել: Ու քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, ՀՀ քաղաքացին կշարունակի Սահմանադրությանը վերաբերվել իբրեւ «օտար» փաստաթղթի եւ սահմանադրական կարգի բացակայության պարագայում կնշի Սահմանադրության օրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: