Մենք` ներքոստորագրյալներս, սույնով անդրադառնում ենք Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. “Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին” հ. 563-Ն որոշման (այսուհետ՝ Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը:
Մեր կարծիքով Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման և իրականացման հետ կապված իրավական ակտերն ու Երեւանի քաղաքապետարանի ու ծառայությունը մատուցող ,Փարկինգ Սիթի Սերվիսե ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա ընդունված կարգերը հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններին:
Նշված որոշումն ինչպես չի բխում ,Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասինե ՀՀ օրենքի պահանջներից, այնպես էլ առաջացնում է սոցիալական և տնտեսական բազմաթիվ խնդիրներ:
1.Եվ օրենքով, և Երևանի ավագանու վիճելի որոշման համաձայն, խախտման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություններ կազմելը, դրանք ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ուղարկելը վերապահված է “Փարկինգ Սիթի Սերվիս” ընկերությանը: Փաստորեն մասնավոր ընկերությանը տրվել է ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով պետական, տեղական մարմիններին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությանը վերապահված լիազորություններն ու գործառույթները:
2.Խախտումները վերահսկելու նպատակով “Փարքինգ Սիթի Սերվիս” ընկերությունը քաղաքապետարանին է ներկայացնելու խախտում կատարած ավտոմեքենաների տեսաձայնագրված տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը տուգանք է կիրառելու: Դրանով խախտվում է ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
3.Վճարովի ավտոկայանատեղիներում չեն սահմանվել հատուկ տեղեր հաշմանդամություն ունեցող վարորդների համար, որը փաստացի խախտում է Հաշմանդամների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի 9-րդ հոդվածը:
Մեր կողմից արձանագրվել են նաև հետևյալ թերությունները և բացթողումները, որոնք էականորեն ազդում են որոշման կիրարկման արդյունավետության վրա.
1.”Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 6-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր: “Փարկինգ Սիթի Սերվիս” ընկերության պարզաբանմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Beeline-ի բաժանորդները կարող են գնալ համապատասխանաբար ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր եւ ստանալ իրենց անդորրագրերը, իսկ Օրանժ Արմենիա-ի հետ ներկայումս բանակցություններ են վարվում նմամ մեխանիզմ ապահովելու համար: Մեր կարծիքով, վարորդը չպետք է ավելորդ ժամանակ ու ծախս կատարի այդ անդորրագիրը ձեռք բերելու համար ավտոկայանատեղից օգտվելու նպատակով յուրաքանչյուր անգամ այցելի ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր, որտեղհերթերն անխուսափելի են:
2.Վճարման նախատեսվող ձևն առաջին հերթին հարվածում է փոքր ու միջին բիզնեսին (խանութներ, առևտրի այլ օբյեկտներ), որոնց աշխատակիցներից շատերն աշխատանքի են գալիս իրենց սեփական ավտոմեքենաներով և/կամ առաքումներ են իրականացնում, նրանք ստիպված են լինելու օրը 500 դրամ կամ տարեկան 12.000 դրամ միանվագ վճարել ավտոկայանատեղիի համար, ինչը արհեստականորեն կհանգեցնի այդ ծառայությունների և սպասարկման (առաքման) գների անհիմն բարձրացման:
3.Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման մեջ ավտոկայանատեղի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանված են բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների և ավտոկայանատեղիների համար առանց տարբերակման մոտեցման: Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշումը չի բխում “Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներից, ըստ որի՝ Երևանի ավագանին պետք է սահմաներ տեղական տուրքի դրույքաչափեր՝ ըստ կայանատեղերի և ըստ տրանսպորտային միջոցի տեսակների (օրինակ՝ մարդատար և բեռնատար մեքենաների համար):
4.Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման նոր կարգը տարբերակում չի մտցնում կայանատեղի տարածքում բնակվող և տարածքում ժամանակավոր գտնվող վարորդների միջև, որի արդյունքում տարածքի բնակիչները չեն կարող իրենց ավտոմեքենաները կայանել իրենց շենքի առջև, իսկկայանելիս ստիպված են վճարել: Ողջամիտ չէ նաև աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին նույն մոտեցումներ որդեգրելըը:
5.Ոչ Երևանի քաղաքապետարանի, ոչ ծառայություն մատուցող “Փարկինգ Սիթի Սերվիս” ընկերության կողմից ըստ էության ծառայություն չի մատուցվում վարորդների համար: Միայն փողոցներում կարմիր գույնով գետնանշեումներն ու տեսախցիկների տեղադրումը ծառայության մատուցում չի կարող համարվել: Բացի այդ, ընկերությունը որևէ պարտավորություն չի ստանձնել ստացվելիք եկամուտների մի մասը դարձյալ տրանսպորտային համակարգի բարեկարգման մեջ ներդնելու համար:
6.Ցանկացած տեսակի վճարի ձևավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնարժեքի հաշվարկը, սակայն Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշմամբ պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ինչ հիմնավորմամբ են սահմանվել տեղական տուրքի դրույքաչափերը: Հաշվարկված չէ, թե որոշումների կիրարկումն ինչպես կազդի տրանսպորտային հոսքերի խտության և թողունակության վրա:
7.Խնդրո առարկա որոշումներն ընդունվել են առանց հանրային քննարկումների, թեև դրանք ուղղակիորեն շոշափում էին հանրության շահերը:
Հաշվի առնելով, որ վերը նշված խնդիրները կարգավորված չեն, դեռևս վաղ է Երևանում վճարովի ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման նոր ձև սահմանել ու հապճեպ կիրառել: Առավել ևս, որ մասնավոր ընկերությունը չի կարող տնօրինել հարկատուներիս հաշվին պահպանվող հանրային տարածքն օգտագործելու համար գանձվող որևէ գումար և քաղաքային ճանապարհներին ավտոկայանատեղի տեղակայելու արդյունքում վարորդներից գանձվող ամբողջ գումարը պետք է մտնի Երևան համայնքի բյուջե:
Ներկա իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ու մասնավոր ընկերության հանրության գործառույթները դիտվում են ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող և ապօրինի, ուստի պահանջում ենք “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքով և “Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին” ՀՀ օրենքով սահմանված հիմքերով և կարգով անհապաղ դադարացնել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ընդունված Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. “Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին” հ. 563-Ն որոշման գործողությունը:
“Կանաչաստան” ՀԿ
“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” ՀԿ
“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնե ՀԿ
“Քաղաքացիական ֆորում” ՀԿ
“Էկոլոգիական իրավունք” ՀԿ
“Իրավունքի գերակայություն” իրավապաշտպան ՀԿ
APR Group (“Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ” ՀԿ)