«ՆԱԻՐԻՏ»-Ն ԷԼ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԿՏԱՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ «Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են: Նա նշել է, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, եւ «Ռոսնեֆտ»-ը տրամադրված է ակնկալվող ներդրումներն իրականացնել։ Ներկայումս ընթանում է չորրորդ փուլի գնահատումը, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ «Եթե որեւիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտ»-ի հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,-ասել է նախարարը:
Ի՞նչ են մտածում այս մասին «Նաիրիտ»-ում: Այնտեղի մամուլի ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ կոնկրետ քայլեր իրականացնելու ուղղությամբ դեռ նորություններ չկան: Դա ՀՀ կառավարության ու «Ռոսնեֆտ»-ի փոխհամաձայնությունից է կախված: ««Նաիրիտ»-ի ցանկությունը մեծ է, սակայն դեռ սպասողական իրավիճակ է»,-փոխանցեցին «Նաիրիտ»-ից:
Հավելենք, որ «Ռոսնեֆտ» ռուսական պետական նավթային ընկերությունն այն կազմակերպությունն է, որը միայն ամիսներ առաջ Չինաստանի հետ 60 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի քանի հարյուր միլիոն տոննա նավթի մատակարարման մասին պայմանագիր էր կնքել:
ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում իբրեւ թե անզգույշ կրակոցից սպանված Լյուքս Ստեփանյանի դին Մարտունուց Երեւան տեղափոխելու ճանապարհին արձանագրված միջադեպը դեռ երկար կհիշվի: Այն տպավորիչ էր, քանի որ ծնողները, չհաշտվելով որդու կորստի հետ, որոշել էին նրա դին տեղափոխել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Սակայն ճանապարհին բռնություն կիրառվեց ոչ միայն մահացածի հարազատների, այլեւ լրագրողների նկատմամբ: Հիշեցնենք, որ ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել էին լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը` ասելով, թե հրամանը վերեւից է, չեն թողնի նկարել, որ «թուրքը չտեսնի, ուրախանա»:
Եվ ահա ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը որոշել է մաքրել միջադեպի բոլոր, նաեւ իրավական հետքերը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ լրագրողների դեմ բռնություն գործադրելու, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առիթով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Ի դեպ, Լյուքս Ստեփանյանի հայրը` Աշխարհիկ Ստեփանյանը եւս Սեւանի ճանապարհին խոշտանգումների էր ենթարկվել, որի մասին հրապարակավ հայտարարել էր, սակայն ավելի ուշ, չգիտես, թե ինչ պայմաններում, հայտարարեց, թե նման բան չի եղել: Ու գործը դարձյալ կարճվեց: