ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ
«ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից երեկ ազատ է արձակվել 278 դատապարտյալ.
«Նուբարաշեն» ՔԿՀ՝ 42,
«Արթիկ» ՔԿՀ՝ 31,
«Վանաձոր» ՔԿՀ՝ 11,
«Գորիս» ՔԿՀ՝ 12,
«Էրեբունի» ՔԿՀ՝ 23,
«Սեւան» ՔԿՀ՝ 36,
«Կոշ» ՔԿՀ՝ 57,
«Վարդաշեն» ՔԿՀ՝ 33,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 7,
«Աբովյան» ՔԿՀ՝ 11, կին՝ 10, անչափահաս՝ 1,
«Հրազդան» ՔԿՀ՝ 14,
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ 1: Ի դեպ, այս ՔԿՀ-ից ազատ արձակված միակ դատապարտյալը ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն է, որը մեղադրվում էր յուրացումների մեջ: Նա բանտարկված էր 2011-ի օգոստոսից եւ դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Երեկ Օհանյանին դիմավորելու էին գնացել բազում մարդիկ, որոնց թվում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը:
ՄԵՆԱԿ Է ԾԵԾԵԼ
«Հարսնաքար»-ի գործով երեկվա դատական նիստում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարել է, թե դատարանի աշխատանքին աջակցելու համար ցանկանում է խոստովանել, որ ինքն է անմիջական կոնտակտի մեջ եղել Վահե Ավետյանի հետ. «Իմ դիմաց ա դուրս եկել Վահեն, հայհոյել ա ինձ, ես էլ խփել եմ՝ ասելով՝ էս էիր ուզում, ա՛յ տղա։ Բոլոր հարվածները ես եմ հասցրել։ Ասում եմ, որովհետեւ չեմ կարում էլ ստի մեջ ապրեմ, չգիտեի, որ տենց վնասվածք ա ստացել, թե չէ կտանեի հիվանդանոց։ Կարող ա ուժեղ եմ խփել, գլուխը կպել ա մի տեղ։ Իմ խոսքերին չէր պատասխանում, ցավից ձեներ էր հանում»։
ԱՄՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Համացանցում է հայտնվել «օրենքով գող» Պզոյի` Արմեն Ղազարյանի աշխարհահռչակ փաստաբանի` Մարկ Կիրակոսի հետ հարցազրույցը։ Տեսանյութում, որը ներկայացրել է shamshyan.com-ը, փաստաբանը նշում է. «Շնորհակալ եմ…. մենք շնորհակալ ենք Ամերիկայի արդարադատության համակարգին, որտեղ արդարությունը միշտ հաղթում է: Արդարությունը այժմ էլ հաղթեց, ու ուրախ եմ, որ նա վերադարձավ իր ընկերների ու ընտանիքի մոտ»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Գլենդելում հանցագործ աշխարհի մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությամբ ճաշկերույթ էր տեղի ունեցել Ա. Ղազարյանի ազատ արձակման առիթով: