ԳԱԼԻՍ ԵՆՔ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ընդամենը լուծում է “մի փոր հացի” խնդիր:

-Պարո՛ն Միքայելյան, Դուք հայտարարել էիք, որ մինչեւ հոկտեմբերի10-ը նոր ուժ է ձեւավորվելու, ի՞նչ ուժի մասին է խոսքը, ո՞վ է ղեկավարը, ովքե՞ր են լինելու այդ ուժի ներկայացուցիչները, եւ ի՞նչ նպատակի համար է այն ծնվում:
-Նոր ուժը, ըստ էության, արդեն ձեւավորվել է, որի հանդես գալը՝ իր կազմով ժողովրդի առջեւ, ժամանակի հարց է: 
 
-Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի պակաս չկա. ի՞նչ բաց կա, որ պետք է լրացնի այդ նոր ձեւավորվելիք ուժը:
 -Մենք չենք ներկայանում կամ համալրում՝ եւս մեկով ավելանալու համար, այլ գալիս ենք լրացնելու այն բացթողումները, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին: 
-Իշխանափոխության կոչեր, հեղափոխության անհրաժեշտություն, ավգյան ախոռների մաքրում եւ երկրի սրբագրման այլ բնույթի կոչեր շատ են հնչել, ինչո՞ւ պետք է հասարակությունը հավատա նոր ուժին: Գործող իշխանությունները,  քաղաքական դաշտում եղած գրեթե բոլոր ուժերը վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության ճշմարիտ ուղի է ընտրել, եւ, օրինակ, Մաքսային միությանն անդամագրվելն  այլընտրանք չուներ մեր երկրի համար: Իսկ Դուք հայտարարել եք, թե այդ քայլով մենք կորցնում ենք մեր անկախությունը: Ո՞րն է ճիշտ ճանապարհը: 
-Մենք գալիս ենք գործ անելու եւ ոչ կոչեր, ու այդ ամենի գնահատականը կտա ժողովուրդը: Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանը, մեր իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրենց վարած սխալ քաղաքականությամբ, այո՛, գրեթե այլընտրանք չեն թողել, ոչ թե երկիրը փրկելու, այլ իրենց աթոռը պահելու համար: Ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, որ մենք՝ որպես պետություն, “շնորհիվ” մեր իշխանությունների՝ չկարողացանք ձեւավորվել այս տարիների ընթացքում: Եվ դա էր պատճառը, որ թե՛ Մաքսային միության եւ թե՛ Եվրամիության ասոցացման հարցում մեր երկիրը չկարողացավ հանդես գալ մեր պետության եւ պետականության շահերից: Ու, ցավոք սրտի, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ, առավել եւս, Եվրոպան իրենց քարոզած ժողովրդավարությամբ, հանուն իրենց շահի, իրենց կասկածելի փոխհարաբերությունների, աչք փակեցին մեր իշխանությունների աթոռամոլության մոլուցքի վրա: Փուռը տվեցին մի բիբլիական ժողովրդի մաքառման, պայքարի, տառապանքի, հերոսական ձեռքբերումը, որի հանրագումարում անկախությունն էր: Նման կարգավիճակով գնալ դեպի Մաքսային միություն՝ մենք լուծում ենք ընդամենը գոյատեւման, մի փոր հացի, ոչ մի բնագավառում չզարգանալու, ազգովի որոշ մարդկանց աթոռը պահելու եւ ուրիշի կամակատարը դառնալու խնդիր, այլ ոչ թե անկախ Հայաստանի Հանրապետության: Ներկայիս վիճակով եւ կարգավիճակով մտնել Մաքսային միություն՝ նշանակում է ստորագրել ՀՀ անկախության կապիտուլյացիայի փաստաթուղթը:  
-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես հայտարարում է, որ սրանից լավ կառավարում անհնար է իրականացնել, քանի որ աշխարհում տնտեսական վիճակը բարվոք չէ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անեն Տիգրան եւ Սերժ Սարգսյանները երկրում առկա ծանր պայմանները հարթելու համար:
-Լուրջ տնտեսագետը, առավել եւս երկրի վարչապետը, ոչ թե կպատճառաբաներ եւ մեղքը կգցեր աշխարհի տնտեսական վիճակի վրա, այլ քայլեր կառաջարկեր եւ կաներ իր գործը երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Իսկ նա իր քաղաքական եւ տնտեսական ինտրիգներով նպաստում է երկիրը նման վիճակի հասցնելով, որի արդյունքում մենք ազգովի կանգնած ենք գրեթե սպիտակ եղեռնի շեմին: 
-Ազատամարտիկները վերջին շրջանում տարբեր ակցիաներով ուշադրություն են գրավում, որպեսզի լուծվեն սոցիալական մի շարք խնդիրներ, մի խումբ էլ կա, որ իշխանափոխություն է պահանջում: Հասցրե՞լ եք ծանոթանալ, թե ինչն է այդ ազատամարտիկների իրական նպատակը: Ինչո՞ւ են պառակտվում նաեւ նրանք:
-1992թ. ես մի առիթով ասել եմ եւ ուզում եմ նորից կրկնել իմ խոսքը. մենք՝ ազատամարտիկներս, մի մորից չենք ծնվել, բայց ծնվել ենք նույն արգանդից եւ նույն բախտին ու ճակատագրին ենք արժանանալու: Դրա համար ես համախմբման կոչ եմ անում իմ մարտական ընկերներին: Ավելի լուրջ, գլոբալ հարցի շուրջ համախմբվելու՝ երկրի ապագայի հետ կապված, ոչ թե առանձնակի հարցերի լուծման: Ես հանդիպել եմ, զրուցել եմ եւ առաջիկայում՝ մեր հանդես գալուց հետո, նորից կհանդիպենք, կզրուցենք:
“Ժողովուրդ” օրաթերթ 10.10.2013թ.




Լրահոս