Armlur.am-ը ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Հայաստանում ձերբակալվել է Աֆղանստանի 2 քաղաքացի, ովքեր անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը:
Հուլիսի 6-ին տեղաբնակները, ովքեր աշխատում են սահմանի մոտակայքում, տեղեկություն են հաղորդել այն մասին, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի սահմանային ափ:
Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանային բաժանմունքի սահմանապահ խումբը գաղտնի հսկողություն և ՀՀ պետական սահմանի փակում է կազմակերպել:
Սահմանախախտը հաղթահարել է գետն ու փորձել թաքնվել թփերի մեջ, այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է նաև մյուս սահմանախախտը, ով ևս ձերբակալվել է:
Պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչև Եվրամիության երկրներ:
Հարցաքննման ժամանակ սահմանախախտների մոտից պայուսակ է առգրավվել, որում եղել են անձական իրեր և «Nokia» 2 հեռախոս: