ՓԱԿ ՇՈՒԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը փակ շուկայի մոտ երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել: Հատուկ գլխարկներով եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը բոյկոտելու կոչերով պաստառներ բարձրացրած՝ նրանք կանգնել էին շուկայի ձախ կողմում: Իսկ աջ մասում հավաքվել էին Ալեքսանյանի կողմնակիցները, որոնք վանկարկում էին՝ «հեռացե՛ք», «դուք թշնամի եք, գրանտակերնե՛ր» ու սուլում էին: Նրանք ակտիվիստներին կոչ էին անում հեռանալ ոչ միայն շուկայից, այլեւ Հայաստանից` գոռալով. «Ձեր նմաններն այստեղ տեղ չունեն»:
Խառնաշփոթ իրավիճակի ճիշտ կենտրոնում էին հայտնվել ոստիկաններն ու լրագրողները: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգներով` ոստիկանները փորձում էին զսպել Ալեքսանյանի համակիրներին, որպեսզի նրանք չճեղքեին «պատը» եւ չմտնեին ակտիվիստների շարքերը:
Ու չնայած «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 9-ից սկսում է ամենօրյա բողոքի ակցիաները դեպի փակ շուկա, բայց այն գործում է սպասվածից առավել ակտիվ, ու մարդիկ սիրով գնումներ են անում այնտեղից: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շուկա մտնողները գոհունակությամբ էին նշում, որ քաղաքակիրթ գնումների պայմաններ են ստեղծվել, եւ չկան արկղերի մոտ պտտվող շներն ու շուկայի նախկին գարշահոտությունը: «Շատ լավ շուկա է, մարդավարի գնումներ ենք անում, թե էլ գոռգռոցներն ինչի համար են, չեմ հասկանում»,-մեզ հետ զրույցում ասաց հին երեւանցի ներկայացած 58-ամյա տիկին Ռիտան:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս