ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ
«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Վարդենիս քաղաքի բնակիչ Գրետա Նունեյանը պատմեց, որ իր ամուսինը մոտ 3 ամիս է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում, ու քննիչը ոչ օբյեկտիվ քննություն է իրականացնում: Մեր զրուցակիցը պատմեց, որ ամուսինը՝ 52-ամյա Կամո Նունեյանը, ս. թ. հուլիսին ավտովթարի է ենթարկել Վարդենիս քաղաքի մի բնակչի, որը տեղում մահացել է: Այնուհետեւ նրան կալանավորել են, բայց մինչեւ այժմ անօրինական քննություն են իրականացրել. «Կամոն անգիտակից է եղել, քննիչ Վորոնցով Ղազարյանը քննությունն իրականացրել է ոչ օբյեկտիվ, ինքը ստիպել է, որ բաներ գրի, որն էդ պահին չի հասկացել, քննիչն ասում է, որ ես ոնց ուզեմ, այնպես էլ քեզ կդատեմ: Նույնիսկ վկաներին չեն հարցաքննել: Պահմտոցի են խաղում, ինչո՞ւ մեղադրյալին չեն հարցաքննել, ինչո՞ւ բացատրություն չեն վերցնում իրենից: Մենք այսքան ժամանակ պահանջում ենք նորմալ քննություն իրականացնել, չեն անում: Մենք հասկանում ենք, որ նա վթարի է ենթարկել, ու մարդ է մահացել, բայց չի կարելի նման անօրինական ձեւով քննություն կատարել»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու օբյեկտիվ քննություն չեն իրականացնում: ՀԿԼՎ-ից պատասխանեցին, թե քննությունը կատարվում է քրեադատավարական նորմերի պահանջներին համապատասխան՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ:

ԷԺԱՆ ԻՆՍՈՒԼԻՆ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում մեր երկիրն ինսուլին դեղամիջոցը ձեռք կբերի նոր` դանիական ընկերությունից, որն ամենաշահավետ առաջարկն է արել: Մինչ այդ, գործող պայմանագրով  Հայաստանը պետք է ինսուլին ներկրեր հունգարական «Սանոֆի-Ավենտիս» ընկերությունից, սակայն կառավարությունը երեկ այդ որոշումը չեղյալ է հայտարարել: Դ. Դումանյանը նշել է, որ նոր պայմանագրի շնորհիվ կտնտեսեն մոտ 300 մլն դրամ: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շեշտել է, որ սա «պատմականորեն ամենացածր գինն է» ինսուլինի համար: Նկատենք, սակայն, որ, բացի ցածր գնից, հարկ է, որ ԱՆ պատասխանատուներն ուշադրություն դարձնեն նաեւ դեղամիջոցի որակի վրա, քանզի վերջին ամիսներին ներկրվող ուկրաինական էժանագին ինսուլինից բազմաթիվ դժգոհություններ կային: Նշենք, որ ՀՀ-ում ինսուլինի տարեկան պահանջարկը կազմում է 180 մլն ազդեցության միավոր, սակայն սպասվում է, որ 2018թ. այդ պահանջարկը կհասնի 290 մլն ազդեցության միավորի:

ԿԱՐԵԼ Է ԲԵՐԱՆԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել՝ կարելով իր բերանը: Նա նման քայլի էր դիմել նաեւ նախկինում, երբ խոչընդոտվել էր իր` զանգահարելու իրավունքը: Առայժմ հայտնի չէ, թե այս անգամ որն է դատապարտյալի բողոքի պատճառը:




Լրահոս