ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ
Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արմենակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ամռանը Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում աճած վայրի կանեփի թփերից ապօրինի հավաքել, պատրաստել եւ իր ավտոտնակում պահել է 1.34 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: 2012թ. մայիս ամսին՝ խնջույքի ժամանակ, Արմենակ Հարությունյանն այդ թմրանյութը հյուրասիրել է երիտասարդ աղջիկների` Ա. Ե.-ին եւ Ա. Մ.-ին: Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց  ապօրինի շրջանառությունն իրացնելը կամ պատրաստելը) եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Նախկինում չդատված Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում:

ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի բնակիչներից կրկին ահազանգեր է ստացել` կապված  հացաբուլկեղենի վաճառքի պայմանների հետ: Մարզում գործող հացի տարբեր արտադրամասերում թխվող հանապազօրյա սննդամթերքը խանութներ է տեղափոխվում ավտոմեքենաների բեռնախցիկներում՝ տարատեսակ կեղտոտ ապրանքների կողքին: Հաց առաքող  վարորդները ձեռնոցներ չեն կրում եւ այն խանութներ են տեղափոխում ոչ մաքուր  ձեռքերով: Մթերային խանութներում իրացվող հացը չունի գնապիտակ, չկան հացի տեսակի, քաշի, արտադրողի, պիտանելիության ժամկետի եւ բաղադրության վերաբերյալ գրառումներ: Գնորդների մեջ կան տարբեր նյութերից ալերգիա ունեցող անձինք, որոնք պետք է իմանան, թե թխված հացի բաղադրության մեջ ինչ հավելումներ կան, եւ արդյոք  դրանք վտանգավոր չեն իրենց առողջության համար: Հարց է առաջանում. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային բաժնի աշխատակիցներն ինչով են զբաղված, եթե սննդի անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումները չեն տեսնում: Իսկ գուցե տեսնում են, սակայն չե՞ն արձագանքում` բնականաբար, ոչ հաց արտադրողների «գեղեցիկ աչքերի» պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս