ԱԼՐԱՂԱՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ՑՈՐԵՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) տվյալներով՝ 2012թ. համեմատ այս տարի հացահատիկի բերքն աճել է: Չնայած սրան՝ Հայաստանը դեռ շարունակում է Ռուսաստանի Դաշնությունից ցորեն ներկրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված գյուղացիները նշեցին, որ հայկական ալրաղացները հրաժարվում են տեղական ցորեն ընդունել՝ պատճառաբանելով, որ այն որակապես լավը չէ: Փոխարենը «մեծ սիրով» ընդունում են ՌԴ-ից ներկրված ցորենը:
ԳՆ ներկայացրած տվյալներով` այս տարի կարտադրվի հացահատիկի եւ հատիկաընդեղենի 535-537 հազար տոննա համախառն բերք նախորդ տարվա 456 հազար տոննայի փոխարեն. աճը կազմում է 17.3-17.7 տոկոս: Իսկ զուտ ցորենի համախառն բերքն այս տարի կկազմի 306.5 հազար տոննա՝ 26 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա 243.1 հազար տոննա ցուցանիշը: Այս տարի ցորենի հնձվող ցանքատարածություններն ավելացել են 6 հազար 200 հա-ով եւ կազմել 99.7 հազար հա: Ցորենի միավոր հեկտարի միջին բերքատվությունը հասցվել է 30.7 ցենտների նախորդ տարվա 25.9 ցենտների փոխարեն: Բոլոր մարզերի հողօգտագործողներն անջրդի պայմաններում ստացել են 25-50, ջրովի պայմաններում՝ 50-90 ցենտներ բերք:
Նախատեսված է 2014թ. ցորենի ցանքերը հասցնել 105 հազար հա-ի` ներկայիս ցանքատարածություններին ավելացնելով 5 հազար հա: ԳՆ-ի ներկայացմամբ` արդեն իսկ սկսվել է հողօգտագործողներին մատչելի գներով աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների բաշխումը հաջորդ տարվա բերքահավաքից հետո վճարումները 1:2 փոխհարաբերությամբ 1 կգ-ն 80 դրամով կատարելու պայմանով: Ընդհանուր առմամբ կբաշխվի 3779 տոննա սերմացու:
Իսկ 2012-2013թթ. ՌԴ-ից ներկրած 40 տոննա ցորենի բարձր վերարտադրության սուպերէլիտային սերմացուն, տեղական սերմարտադրողների կողմից բազմացվելով, 2017թ.-ին հնարավոր կլինի ՀՀ-ում արտադրել 5500 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացու, ինչը թույլ կտա դադարեցնել սերմացուի ներկրումը: Իսկ առայժմ ներկրվում է ոչ միայն սերմացու, այլեւ մեծ քանակությամբ հացահատիկեղեն, ընդ որում վերջինը՝ վեց օրը մեկ: Այսպիսով՝ 2013թ. սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 1206340.0 կգ ցորեն եւ այլ հացահատիկեղեն, իսկ սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում` 15294330.0 կգ:
Հայաստանում ցորենի մշակմամբ զբաղվող 41-ամյա Մանվել Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի համայնքների բնակիչներից շատերն այս տարի հիասթափված են եւ աշնանը ցորենի ցանքով չեն զբաղվելու: Բանն այն է, որ ՀՀ-ում գործող ալրաղացները տեղական ցորենը կա՛մ չեն ընդունում, կա՛մ էլ 1 կգ-ի համար վճարում են 140 դրամ: Մինչդեռ ՌԴ-ից ներկրված ցորենն ընդունում են մեծ պատրաստակամությամբ` վճարելով 180 դրամ: «Մինչեւ հունիս ամիս մեզանից ալրաղացները 1 կգ ցորենը գնում էին 170-175 դրամով, իսկ երբ սկսվեց ցորենի հունձը, սկսեցին կա՛մ չընդունել՝ պատճառաբանելով, որ այն որակապես զուրկ է, կա՛մ էլ 1 կգ-ի դիմաց վճարում են 140 դրամ: Այն էլ ալրաղացի տնօրենին պետք է ծանոթ կամ բարեկամ գտնենք, որ կարողանանք ցորենը վաճառել»,-ներկայացրեց Մանվելը:
Վարդենիսի շրջանի գյուղացիների խոսքով՝ այս առումով ԳՆ-ն ոչնչով չի օգնում: 39-ամյա Հենրիկը զայրանում է, երբ հեռուստատեսությամբ տեսնում է, թե ինչպես է գյուղնախարար Սերգո Կարապետյանը ելույթներ ունենում եւ հայտարարում, թե ամեն ինչ արվում է գյուղացու կյանքը հեշտացնելու համար: «Բայց արի՛ ու տես, որ, հակառակը, բարդացնում են: Գոնե ալրաղացներին պարտադրեն, որ մեր ցորենն ընդունեն ու 160 դրամով: Ներկրողի համար 180, իսկ մեզ համար՝ 140: Եվ տասը տոննայի մեջ 400 հազար դրամ կորուստ եմ ունենում: Իսկ այդքան գումարով կարող եմ ընտանիքիս անդամների կարիքները հոգալ: Ինձանից լավ տեղյակ եք, թե ինչքան դժվար է հիմա մեր երկրում ապրելը»,-դժգոհեց Հենրիկը: Ցորենի մշակմամբ զբաղվող գյուղացիների կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավելի է բարդանալու իրենց վիճակը, քանի որ, ըստ ամենայնի, հացահատիկի արտադրությամբ զբաղվող Ռուսաստանից ու Բելառուսից ներկրվող ցորենը կծածկի ողջ հայաստանյան շուկան:
«Ժողովուրդ»-ը փորձեց ալրաղացներից տեղեկանալ, թե ինչու չեն ընդունում տեղական ցորենը: «Բաղրամյանի  ալրաղաց» գործարանի աշխատակիցը նշեց, որ տեղական ցորեն չեն ընդունում, քանի որ այն որակ չունի, եւ դրանից հնարավոր չէ հացամթերք ստանալ:
Իսկ ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանն այս հարցի շուրջ պարզաբանեց, որ առաջին բերքահավաքի ժամանակ ցորենի մթերման գները բարձր են լինում, բայց երբ սկսվում է զանգվածային բերքահավաքը, այդ ժամանակ շուկայի առաջարկի եւ պահանջարկի հիման վրա մթերող կազմակերպությունները, այդ թվում ալրաղացները, իրենց գներն են առաջարկում՝ կախված ցորենի մաքրությունից եւ որակական հատկանիշներից:
«Հայաստանում մենք ապահովում ենք ինքնաբավությունը 32 տոկոսով: Այս տարի, բնականաբար, 5-6 տոկոսային բալով բարձրացել է: Մենք ինքնաբավ լինել չենք կարող, բայց պարենային անվտանգության 60-65 տոկոսն ապահովելու համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերը»,-ներկայացրեց փոխնախարարը` հավելելով, որ տարեկան ՀՀ է ներկրվում  միջինը 300-350 հազար տոննա ցորեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս