Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի: Այս մասին, այսօր՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 34-րդ նիստում իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Հարգելի պարոն նախագահ,
Պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնայք եւ պարոնայք,
Նախեւառաջ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել պարոն Լավրովին` ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի հաջողված նախագահության եւ այս նիստի գերազանց կազմակերպման, ինչպես նաեւ մեզ ցուցաբերված հյուրընկալության համար: Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել քարտուղարությանը՝ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքի համար:
Պարոն նախագահ,
Հայաստանը, հետեւողական լինելով տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված նպատակների կյանքի կոչման հարցում, շարունակել է իր ջանքերը՝ ուղղված անդամ պետությունների միջեւ բազմաոլորտ համագործակցության խորացմանը:
Մենք կարեւորում ենք համակցված փոխադրումների շրջանակում, այսպես կոչված, չոր նավահանգիստների հայեցակարգի իրականացումը: Միջտարածաշրջանային տրանսպորտային համակարգերի համատեքստում Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏԿՀ օղակաձեւ մայրուղու հիմնական երթուղու՝ կազմակերպության ոլորտային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի հետ սահման դուրսբերման օգտին: Մենք նաեւ աջակցում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են համակցված բեռնափոխադրող եւ ուղեւորային լաստանավային գծերի զարգացմանը:
Հայ մասնագետներն իրենց գործնական ներդրումն են ունեցել ՍԾՏՀԿ փոքր եւ միջին ձեռնարկությունների` միջազգային շուկաներ դուրս գալու ուղիների մշակման, համացանցի միջոցով առեւտրի խթանման, առեւտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման գործում:
Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկրների միջեւ «Դեղամիջոցների որակի երաշխիքի ապահովման նպատակով համագործակցության» հուշագրի ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել կոնսենսուսի հասնել «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության» համաձայնագրի նախագծի շուրջ:
Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջեւ համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին:
Հայաստանը հանդես է գալիս նաեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին:
Հուսով ենք, որ ազգային վիճակագրական գործակալությունների ղեկավարների հանդիպման արդյունքները նոր լիցք կհաղորդեն համագործակցությանը նաեւ այս կարեւոր ոլորտում:
Տիկնայք եւ պարոնայք,
Հայաստանը հանդես է գալիս միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության սերտացման, ինչպես նաեւ ասոցացված կազմակերպությունների, դիտորդների եւ ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդման օգտին:
Անշուշտ, այս համագործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության եւ կազմակերպության այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին համապատասխան:
Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։
Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է եւ ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում:
Պարոն նախագահ,
ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ Մշտական միջազգային քարտուղարության գործունեության հարցերը տեւական ժամանակ է, ինչ ներառված են կազմակերպության օրակարգում: Այսօր այդ հարցը ձեռք է բերում հատուկ նշանակություն` հաշվի առնելով ՍԾՏՀԿ հիմնադրման 25-ամյա հոբելյանը: Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ողջ ներուժի կիրառումը կբացառի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:
Տիկնայք եւ պարոնայք,
Եզրափակելով` ցանկանում եմ շնորհավորել եւ հաջողություն մաղթել Սերբիային` ՍԾՏՀԿ-ում գալիք նախագահության կապակցությամբ: