Մինչ Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակիչները համառորեն պայքարում են կարկուտի, ուժգին քամու եւ կայծակի դեմ, այս ընթացքում Կոտայքի մարզի Պռոշյան եւ Քասախ գյուղերը լցվել են հեղեղաջրերով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին եւ երեկ տեղացած ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքով Քասախի ջրատարի ջուրը դուրս է եկել եւ լցվել ոչ միայն քասախցիների, այլեւ հարեւան Պռոշյան գյուղի բնակիչների տները:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանի հետ, ով պատմեց, որ «Հորդառատ անձրեւների եւ կարկուտի հետեւանքով ջրատարի ջուրը լցվել է գյուղի փողոցները: Բայց այս պահի դրությամբ ջրակույտերը վերացրել ենք: Չնայած որ մեծ վնասներ ենք կրել: Վնասները հաշվարկող հանձնաժողով է ստեղծվել: Մեր հողատարածքներն են վնասվել: Ուժգին քամու հետեւանքով տանիքները նույնպես վնասվել են: Մենք 546 քմ շինությունների վնաս ունենք կրած: Համապատասխան ակտերը արդեն իսկ պատրաստել ենք եւ ուղարկել մարզպետարան»: Ըստ այդմ, քասախցիների հողատարածքների վնասի չափը կազմում է մոտ 117 մլն 626 հազար դրամ, իսկ վնասված շինություններինը՝ 4 մլն 772 հազար դրամ, առանձին գույքերինը՝ մոտ 3 մլն դրամ:
Ի դեպ, վնասներ է կրել նաեւ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող հացաբուլկեղենի արտադրամասը. այստեղ փչացել են սառնարանները եւ այլ սարքավորումներ:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարների խցանման հետեւանքով ջուրը լցվել էր բնակիչների տներն ու քաղաքի փողոցները եւ մեծ վնասներ հասցրել: ՀՀ կառավարությունը մինչեւ 4.6 մլն. դրամ է հատկացրել` հեղեղի հետեւանքով յուրաքանչյուր ընտանիքի բնակարանները նորոգելու եւ խնդիրները վերացնելու համար: Իսկ հեղեղումների հետեւանքով ընտանի կենդանիներ կորցրած ընտանիքները ստացել են 650 հազար դրամ փոխհատուցում: Կառավարությունը 1.7 մլն դրամով էլ աջակցել է ցանքատարածություններում վնաս կրած արթիկցիներին: Սպասենք եւ տեսնենք, թե որքան փոխհատուցում կստանան քասախցիներն ու պռոշյանցիները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ