«ՂԱՐԱԲԱՂՆ ԱՐԴԵՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՍԵԼ Է՝ ԱՆԿԱԽԱՑԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին գրող, հրապարակախոս Զորի Բալայանը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Ըստ էության, Զորի Բալայանն առաջարկում է Ղարաբաղը կրկին ընդգրկել Ռուսաստանի կազմում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ` պարզելու նրա տեսակետն այս հարցի շուրջ:
-Պարո՛ն Հարությունյան, Դուք տեղյա՞կ եք հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակից: Ինչպե՞ս եք մեկնաբանում այնտեղ հնչեցված մտքերը:
-Անկեղծ ասած, նամակը տեսել եմ, ինչ-որ մեկնաբանություններ են եղել՝ դրա հետ կապված, բայց որոշել եմ օրվա վերջին նամակն ամբողջությամբ ընթերցել, որպեսզի կարծիք կազմեմ: Ամեն դեպքում, ես կարող եմ մի բան ասել. ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել:
-Զ. Բալայանի նամակն ընթերցելուց հետո գրեթե բոլորը հայտարարել են, որ նա ազգի դավաճան է, քանի որ իր նամակով ՌԴ նախագահին առաջարկել է ԼՂՀ-ն ընդգրկել Ռուսաստանի կազմում: Դուք համակարծի՞ք եք նման գնահատականին:
-Չի կարելի Զ. Բալայանին դավաճան անվանել, չեմ կարող մեկնաբանել, քանի որ նամակն ամբողջությամբ չեմ կարդացել, բայց, ամեն դեպքում, չի կարելի նման բան ասել: Անթույլատրելի է ազգային հերոսին դավաճան անվանել: Հրապարակման մասին իմ կարծիքը ես լրացուցիչ կհայտնեմ: Թո՛ւյլ տվեք կարդամ, հետո ներկայացնեմ իմ տեսակետը:
-Այդուհանդերձ, նշեմ, թե նամակի կոնկրետ որ հատվածն է հանրության վրդովմունքն առաջացրել. Զ. Բալայանն առաջարկել է ԼՂՀ-ն ընդգրկել Ռուսաստանի կազմում…
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է՝ անկախացել է, եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է անձնական տեսակետ: Ղարաբաղն անկախացել է 1991թ., ու կարծում եմ՝ այլ բան չկա այդ մասին ասելու:
-Շատերի գնահատմամբ` սա շատ վտանգավոր քայլ էր, քանի որ ադրբեջանցիները եւ միջազգային հանրությունը կարող են կարծել, թե Հայաստանը ցանկանում է հրաժարվել ԼՂՀ-ից…
-Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցնում ենք հանրաքվեով ու դա արել ենք: Դա մեր անկախությունն է: Ցանկացած այլ փոփոխություն մենք պետք է հանրաքվեով իրականացնենք, բայց եթե դա լինի, ոչ թե Ռուսաստանն է լինելու, այլ Հայաստանը: Եթե հաջորդ հանրաքվեն լինի որեւէ մեկի հետ միացման շուրջ, ապա դա լինելու է Հայաստանի հետ եւ ոչ թե Ռուսաստանի:
-Իսկ ի՞նչ եք կարծում, առանց ԼՂՀ-ի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Զ. Բալայանն իրավունք ունե՞ր նման նամակ գրել ՌԴ նախագահին:
-Ես չեմ կարող Զ. Բալայանի այդ նամակի վերաբերյալ վերջնական գնահատական տալ, բայց ԼՂՀ կարգավիճակի, ընդհանուր ճակատագրի հետ կապված՝ ԼՂՀ բնակիչներն իրենց կամքն արտահայտեցին 1988թ., հետո՝ 1991թ., եւ այդ որոշումը հաստատ որոշում է:
-Այս նամակից հետո թարմացել են խոսակցություններն այն մասին, որ ժամանակին ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը Զ. Բալայանի հետ շատ սուր վիճաբանել է` պարզելով, որ նա Ղարաբաղի շահերի դեմ է աշխատում: Ի՞նչ եք կարծում, Զ. Բալայանն իսկապե՞ս Ղարաբաղի շահերի դեմ է գործում:
-Անկեղծ ասած՝ նման տեղեկություններ չունեմ: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ասեմ, որ ես Զ. Բալայանից նման բան չեմ տեսել, ես տեսել եմ, որ նա աշխատել է ի շահ Ղարաբաղի:
-Դուք անձամբ ճանաչո՞ւմ եք Բալայանին: Ձեր կարծիքով՝ նա ինչո՞ւ է որոշել նման նամակ գրել Վլ. Պուտինին:
-Այո՛, ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ինքը շատ հավասարակշռված անձնավորություն է: Ուղղակի չգիտեմ այդ նամակի դրդապատճառները եւ ընդհանուր խորհուրդներն ու նշանակությունը: Ես դրան կանդրադառնամ նամակն ընթերցելուց հետո: Ես հարգում եմ նրան՝ որպես մեր շարժման լիդերներից, ակտիվիստներից մեկի, եւ պատերազմի տարիներին եմ տեսել նրան: Մեր իշխանությունների կողմից Զ. Բալայանը պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով եւ համարվում է Արցախի հերոս:
-Ու Արցախի հերոսը նման նամակ է գրել ՌԴ նախագահի՞ն…
-Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի տեղ քաղաքական ինչ-որ բաներ լինեն…. բայց չեմ կարող այլ բան ասել: Երբ ես անձամբ իր հետ խոսեմ, նոր այդ ժամանակ կկարողանամ ինչ-որ եզրակացություն անել: Իսկ այժմ որեւ բան չեմ կարող ասել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս