ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
Հուրախություն «Վիտամին» ակումբի երկրպագուների՝ հումորային նախագիծը կրկին կվերադառնա եթեր՝ այս անգամ համեմված հումորային նոր համարներով, իսկ սիրված Գվենիկին ու Եկատերինային կընկերակցեն այլ կերպարներ: «Վիտամին»-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի սկզբին: Ցանկացողներն առաջին նկարահանումներին կարող են մասնակցել հոկտեմբերի 24-ին եւ 28-ին:
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՐԱՎԵՐԸ
Նոյեմբերի վերջին Շառլ Ազնավուրը կմեկնի Թել-Ավիվ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երգչին պաշտոնապես հրավիրել է նախագահական նստավայր՝ ընթրիքի, Ազնավուրն ընդունել է հրավերը: Հիշեցնենք, որ լեգենդար շանսոնյեն նոյեմբերի 23-ին համերգով հանդես կգա Թել-Ավիվում: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, 89-ամյա Ազնավուրը, ով միաժամանակ զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, իր այցը նվիրել է խաղաղ գործընթացին աջակցմանն ու հասարակական աջակցության բարձրացմանը:
ՍԿԱՆԴԱԼ
Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի նորածին երկվորյակների հարցը շարունակում է բուռն կերպով քննարկվել: Բժիշկները պնդում են, որ 64-ամյա Պուգաչովան չի կարող երկվորյակների կենսաբանական մայրը լինել, քանի որ հին տեխնոլոգիաների պատճառով երգչուհին չէր կարող 11 տարի առաջ սառեցնել իր ձվաբջիջները. այն ժամանակ բժշկությունը համապատասխան տեխնոլոգիաներ չուներ: Մասնագետների համոզմամբ՝ օտար գենետիկ նյութ է օգտագործվել: Նույնիսկ կարծիք կա, որ Պուգաչովան ու Գալկինը օգտվել են դոնորական երիտասարդ ձվաբջիջներից՝ չբացառելով նաեւ, որ փոքրիկների կենսաբանական մայրը կարող է լինել Պրիմադոննայի դուստր Քրիստինա Օրբակայտեն: