Այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսի ժամանակ քաղաքացիներից մեկը ներկայանալով որպես «Սասնա ծռեր» խմբին միացած Գառնիկ Հովակիմյանի մայր, խնդրեց, որպեսզի Պավել Մանուկյանը որդուն բաց թողնի:
ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գրաված գնդի տարածքում գտնվող Գառնիկ Հովակիմյանի հետ, ով վստահեցրեց, որ իր կամքով է միացել խմբավորմանը. «Լավ ենք, մեր գործն ենք անում, մեր հայրենիքի գործն ենք անում, մեր հայրենիքն ենք պաշտպանում, ի՞նչ պետք է անենք. ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, դաժե հրաշալի: Ստիպողաբար ոչինչ չի եղել»:
Պավել Մանուկյանը ևս պնդեց, որ ոչ մեկի իրենք ստիպողաբար չեն տարել. «Կամավոր կերպով են բոլորը եկել, ոչ մեկի չենք ստիպել»:
Իսկ մեր այն դիտարկմանը, որ ծնողները պահանջում են որդիներին հետ վերադարձնել, Պավել Մանուկյանը պատասխանեց. «Թող գան ու տանեն, մենք ոչ մեկի ստիպողաբար չենք պահում»:
Ի դեպ, այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ իրենք այս պահի դրությամբ հստակ ինֆորմացիա չունեն` նշված անձանց` ՊՊծ տարածքում գտնվելու մասին:
Լուսանկարը` armtimes.com-ի:
Լիլիթ Շաբոյան