ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի նստաշրջաններին, որտեղ քննարկվել են միջազգային առևտրաշրջանառության դյուրացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև այլ կառույցների հետ մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման հեռանկարներին` կարևորելով Հայաստանի մաքսային ծառայության հետ ՀՄԿ համագործակցության սերտացումը: Նա Կունիո Միկուրիային հրավիրել է Հայաստան` մասնակցելու արդիականացված սահմանային անցակետերի բացման պաշտոնական արարողությանը:
«Նոր ժամանակակից ենթակառուցվածքները մեզ հնարավորություն կտան դյուրացնել միջազգային առևտուրը, «մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պարզեցնել ընթացակարգերը` բացառելով կրկնությունները և կրճատել սահմանահատման ժամանակահատվածը: Կարևորում ենք նաև մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի` թղթային տարբերակից էլեկտրոնայինի անցման գործընթացի կիրարկումը»,-հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահը: Բարձր գնահատելով Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը` Կունիո Միկուրիան ընդունել է հրավերը` 2016 թվականի 4-րդ եռամսյակում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ բարեփոխումներին:
Բրյուսելում Հովհաննես Հովսեփյանը նաև հանդիպումներ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների ղեկավարների հետ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին