Միանում ենք տրանսպորտի ոլորտի ապաքրեականացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը միանում է “Վճարում ենք 100 դրամ” շարժման նոր փուլին և կոչ է անում երևանցիներին՝ պատասխանատվության կանչել հանրային միջոցներն ու հանրային ունեցվածքը չարաշահող պատասխանատուներին:
 
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.”Մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի գողությունը քաղաքապետարանի կողմից արդեն դարձել է սովորություն:
 
Երևանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հանցագործությունները, գծատեր լինելն ու կոռուպցիան վկայում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջնականապես կորցրել է հաշվետու և թափանցիկ կառավարման ընդունակությունը: Իմիտացիոն հանձնաժողովները՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ էկոլոգիականը, պարզապես խորամանկություն և խորհրդային ոճի դրածո կոմիտեներ են:
 
Ինչպես հանրային կանաչ տարածքների ապօրինի յուրացման դեպքում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում հանրային շահի ոտնահարումը և մեր առողջության ու կյանքի վտանգման հաշվին մի քանի անձանց հարստացումը տանում են մայրաքաղաքի կենսագործուներության կոլապսին:
 
Կոչ ենք անում երևանցիներին քաղաքապետարանում հայտնված հանցավոր անձանց ցույց տալ հանրության կամքը և ինքնուրույն քաղաքացիական գործողություններ իրականացնել:
 
Քաղաքացիական համերաշխության և ինքնակազմակերպման շնորհիվ իրավագիտակից հանրությունը կհասնի Երևանում արդար և ժողովրդավար կառավարման իրականացմանը”:




Լրահոս