«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԿԲՈՂՈՔԱՐԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում «ԱրմենՏել» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 20 մլն դրամի չափով:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանձնաժողով եւ ներկայացրել բողոք՝ մրցակից ընկերության՝ «ԱրմենՏելի» դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին մեկնարկել է նոր սակագնային փաթեթ՝ «Պարզից Պարզ»» անվանումով, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարել ՀՀ բոլոր ցանցեր նույն սակագնով: «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ այն իր՝ «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն է, եւ տեղեկացրել է, որ այդ անվանումը դեռեւս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան: Ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության, «ԱրմենՏելի» կողմից գործարկված «Պարզից Պարզ» սակագնային փաթեթն ունի նույն սկզբունքները եւ առաջացնում է շփոթություն իրենց ընկերության «Պարզ» անվանումով սպասարկման նշանի հետ:
«ԱրմենՏել» ընկերությունը «Օրանժ Արմենիա»-ի կողմից մեղադրվեց նաեւ անբարեխիղճ գովազդ իրականացնելու մեջ: «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են նարնջագույն եւ կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ. դրանք ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք համարվում են «պայքարում պարտված»: Այս պատճառով էլ Հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել ընկերությունից: Սակայն «ԱրմենՏելն» այդպես էլ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել: Արդյունքում` համապատասխան ուսումնասիրություններից հետո «ԱրմենՏելը» ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության՝ 20 մլն դրամի չափով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ «ԱրմենՏելը» Հանձնաժողովի կողմից 30 մլն դրամով տուգանվեց այն բանի համար, որ սպառողին առանց տեղեկացնելու ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել էր տարբերակված սակագին:
Հանձնաժողովի որոշման կապակցությամբ «ԱրմենՏել» ընկերության մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց. «Շատ զարմանլի որոշում է: Նույնիսկ մեր ներկայացուցիչները հրավիրված չեն եղել այդ որոշման հրապարակմանը: Ծանոթ չենք, թե ինչ հիմքերով է ընդունվել որոշումը: Սպասում ենք պաշտոնական որոշումը ստանալուն, որպեսզի հայտնենք մեր պաշտոնական դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ: Չեմ բացառում բողոքարկելու տարբերակը»:
 Հանձնաժողովի երեկվա նիստում խիստ նախազգուշացում ստացան նաեւ հագուստի եւ օծանելիքի իրացմամբ զբաղվող մի շարք բրենդային խանութներ: Իսկ պատճառը զեղչային համակարգի կիրառման թերություններն են, երբ նշվում է զեղչ ամբողջ տեսականու համար, սակայն իրականում կիրառվում  ընդամենը 5 տոկոսի վրա: Ի տարբերություն «ԱրմենՏելի», վերջիններս ընդունեցին իրենց մեղքը: Այդ ընկերություններն են. «Ռուժ» օծանելիքի խանութը, «Բեյսիկ Հաուս»-ը, «Կաշաառել»-ը, «Օրկեստրա»-ն, «Մի-մի»-ն, «Բուգատտի»-ն, «Բրենդաութլեթ»-ը, «Շոկոլադ»-ը, «Վարդալ Ֆարմ» դեղատունը, «Վենեցիա»-ն, «Մոսկինո»-ն եւ «Գեսս» խանութ սրահը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս