Այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայանալու է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության (ՀԿԵՄ) համագումարը, որից առաջ մթնոլորտն արդեն քանի ամիս է` շիկացած է:
Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց հայտնի կոմպոզիտոր Արամ Սաթյանին, ում թեկնածությունը որոշել են առաջադրել փոփոխությունների կողմնակից մի քանի կոմպոզիտորներ։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի նա համագումարից։ «Բոլոր ստեղծագործող մարդիկ ձգտում են, որ լինի աշխատանքային վիճակ, որ կարողանան քննարկել լուրջ հարցեր եւ այն, թե ինչ պետք է անեն հետագայում։ Բայց, ինչպես հասկանում ենք, համագումարը վերածվում է մի ուրիշ բանի. փոխադրվել է մեծ դահլիճ, ինչ-որ համերգ է լինելու… Սա աննախադեպ բան է։ ՀԿԵՄ նախագահն ուզում է ապացուցել՝ տեսեք, կարող եմ այս անել, այն անել։ Եթե նա երեք օրվա մեջ կարող է այդպիսի համերգ կազմակերպել, ինչո՞ւ երկար տարիների ընթացքում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի նորմալ համերգ չի կազմակերպել։ Եթե ասում է, որ մեծերի ստեղծագործություններ են կատարելու, ինչո՞ւ չի արել որոշ կոմպոզիտորների հոբելյանները, չէ՞ որ մեծ համբավ ունեցող կոմպոզիտորներն անցել են իրենց 100-ամյակները, հոբելյանական տարեթվերը՝ Էդգար Հովհաննիսյան, Գրիգոր Եղիազարյան…»: Ըստ մեր զրուցակցի, Ռ. Ամիրխանյանը ոչ մի այնպիսի բան չի ասում, որ իրենց հետաքրքրի, չի ասում նաեւ, թե վերջապես ինչ է անելու։ «Ասում է՝ արել եմ 250 թե քանի համերգ, բայց ինձ չի հետաքրքրում այդ համերգը. չեմ ստանում ոչ ինֆորմացիա, ոչ էլ այն նորույթը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ինձ, այլ նաեւ ունկնդրին։ Եթե պրեմիերաներ են եղել, ինչպես ինքն է ասում, դրանք պետք է դառնային երեւույթ. յուրաքանչյուր ստեղծագործող կոմպոզիտոր արժանի է, որ իրեն ներկայացնեն»։ ՀԿԵՄ անդամների թիվը 126 է, նրանց մի մասն արտասահմանում է, մյուս մասը մահացել է, բայց դա անգամ արձանագրված չէ։ Ա. Սաթյանը հաշվել է, որ մոտ 100 մարդ կարող է լինել համագումարում։ Ինչ վերաբերում է մի քանի հոգու կողմից իր թեկնածությունն առաջադրելուն, ապա ինքն այդ ուղղությամբ երկար մտածել եւ համաձայնվել է, որովհետեւ, ըստ նրա, մտածելակերպի, գործունեության փոփոխություն է պետք։ «Արեւելյան ասացվածքն ասում է. «Սա տեսել ենք, եկեք տեսնենք ուրիշ բան»։ Կարճ ասած, չեմ կարծում, որ ինքը կարող է առաջարկել ինչ-որ նոր բան… Իհարկե, բավականին բարդ բան է միության նախագահ լինելը, ես դա հասկանում եմ, բայց կարծում եմ, որ կկարողանամ իրականացնել շատ բաներ, որոնք այս նախագահի օրոք չեն արվել»,- նշեց Ա. Սաթյանը։
«ՍԱ ՏԵՍԵԼ ԵՆՔ, ԵԿԵՔ ՏԵՍՆԵՆՔ ՈՒՐԻՇ ԲԱՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ